Saturday, April 16, 2011

Քլինթոն. Իրանը փորձում է օգուտ քաղել Մերձավոր Արևելքի խառնաշփոթ իրավիճակից

Tert.am. 16-4-2011- Իրանը փորձում է օգուտ քաղել Մերձավոր Արևելքի հակամարտություններից, ըստ Associated Press-ի, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Քլինթոնը նշել է, որ Թեհրանը գործում է այնպես, որպեսզի օգուտ քաղի արաբական երկրների ապստամբություններից և օգտագործում է այդ հուզումները հօգուտ սեփական շահերի։ Նրա խոսքերով Իրանը փորձում է խախտել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը և երկարաձգել հակամարտությունը։
Ավելի վաղ «Հաարեց» թերթը հաղորդում էր, որ Իրանը, օգտվելով Մերձավոր Արևելքում բռնկված անկարգությունների ալիքից, վերջին ամիսներին ավելացրել է մաքսանենգ ճանապարհով զենքի մատակարարումը «Հըզբոլլահին», Սիրիային և Պաղեստինին։
«Իրանը գլխավոր սադրիչն է տարածաշրջնում՝ Աֆղանստանից ու Եմենից մինչև Եգիպտոս ու Մարոկկո»,- ասել է «Հաարեցին» Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Արևմտյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ այս պահին առգրավվել է իրանական անօրինական զենքի միայն մի մասը։
Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի (ԾԱԵՀԽ) երկրները նույնպես ապրիլի 3-ին ԾԱԵՀԽ արտահերթ նիստի ժամանակ մեղադրել են Իրանին կազմակերպության անդամ երկրների գործերին միջամտելու համար։
Հանդիպման մասնակիցները Իրանին մեղադրել են Բահրեյնում ներքին երկպառակություն գցելու փորձերի, ինչպես նաև Եմենի ներքին գործերին միջամտելու մեջ։

No comments: