Wednesday, April 6, 2011

Ստեփանակերտ-Երեւան չվերթի հետաձգման պատճառները ամենեւին էլ տեխնիկական չեն. ՀԱԿ ներկայացուցիչ

News.am. 6-3-2011- Հայաստանի իշխանությունները ճգրիտ եւ մինչեւ վերջ չեն հաշվարկել Երեւան-Ստեփանակերտ չվերթների իրականացման հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 6-ին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նա նշեց, որ արդեն իսկ հնչող հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ օդանավակայանի գործարկումը, այնուամենայնիվ, կհետաձգվի` թռիչքների իրականացումը չի լինի մայիսի 9-ին:
«Սա շատ բարդ հարց է` մի քանի շատ կարեւոր բաղադրիչներով` սկսած թռիչքների անվտանգության ապահովումից, մինչեւ միջազգային հանրության կողմից ցուցաբերվելիք վերաբերմունք: Ես հեռու եմ այն մտքից, որ օդանավակայանի գործարկման հետաձգումը պայմանավորված է տեխնիկական խնդիրներով: Դա լուրջ չի ընկալվում ո’չ հայ հասարակության, ո’չ էլ միջազգային հանրության կողմից: Պատճառը` առկա բարդություններն են»,-հայտարարեց Շահնազարյանը:
Նրա խոսքով` եթե օդանավակայանի գործարկումը այդքան հեշտ լիներ, ապա Մոսկվան վաղուց նման թռիչքներ կիրականացներ Մոսկվայից Սուխում:
«Այս պարագայում Ռուսաստանը մի քիչ ավելի ամուր դիրքեր ուներ, քանի որ ՌԴ-ն Աբխազիան ճանաչել է որպես անկախ պետություն»,-նկատեց բանախոսը` հավելելով, որ այնուամենայնիվ, գովելի է Ստեփանակերտ-Երեւան չվերթ իրականացնելու իշխանությունների մտադրությունը:
Նա նաեւ հավելեց, որ Ադրբեջանի ահաբեկչական հայտարարությունները, թե կհարվածի իր օդային տարածքում հայտնված Ստեփանակերտի օդանավերը, նորություն չեն: Ադրբեջանը դեռ արցախյան տարիներին է աչքի ընկել իր այդ քաղաքականությամբ:
«Ադրբեջանի պաշտոնական հայտարարության մեջ ասվում էր, թե այդ երկիրը երբեք քաղաքացիական օբյեկտների վրա ուժ չի կիրառել: Սա բացարձակ սուտ է: Հենց նույն Ստեփանակերտի օդանավակայանը, երբ այդտեղ գտնվում էր մարդատար ինքնաթիռ, գնդակոծվեց Ադրբեջանի կողմից եւ հասցվեց շատ մեծ վնաս, եղան մարդկային զոհեր»,-նկատեց բանախոսը: Նա նաեւ հիշեցրեց, որ մինչեւ Շուշիի ազատագրումը` Շուշիից գնդակոծվում էր ողջ Ստեփանակերտը`ներառյալ մանկապարտեզներն եւ դպրոցները:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե կլինի Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը:

No comments: