Tuesday, April 5, 2011

Սուրճն ավելի վտանգավոր է դարձնում ֆաստֆուդը. եզրակացրել են կանադացի գիտնականները

Tert.am. 5-4-2011- Կանադայի Գելֆ համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ ֆաստֆուդն օրգանիզմի համար ավելի վտանգավոր է դառնում, երբ այն ուտում են՝ ըմպելով սուրճ։
Ինչպես հայտնում է The Daily Mail–ը, եթե առողջ մարդը ֆաստֆուդ ուտելիս սուրճ է ըմպում, արյան մեջ շաքարի պարունակությունը բարձրանում է՝ հասնելով կրիտիկական աստիճանի։
Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում առողջ մասնակիցներին առաջարկվել է խմել յուրօրինակ կոկտեյլ՝ մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց մոտ 1 գ ճարպ պարունակությամբ։
Կոկտեյլը խմելուց 6 ժամ անց փորձի մասնակիցների առաջին խմբին առաջարկվել է խմել շաքարավազ պարունակող ըմպելիք, ինչի արդյունքում պարզվել է, որ նրանց արյան մեջ գլյուկոզայի մակարդակը 32 տոկոսով բարձր է, քան մինչև ճարպային կոկտեյլն ընդունելը։
Երկրորդ խմբի մասնակիցներին առաջարկվել է քաղցր ջրից հետո խմել ևս երկու բաժակ սուրճ, ինչի արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակն այս դեպքում բարձրացել է արդեն 65 տոկոսով։
Այդ փորձը ցույց է տվել, որ ճարպոտ սնունդը խանգարում է շաքարի չեզոքացմանը։
«Եթե շաքարն արյան մեջ որոշ ժամանակ շարունակում է մնալ, ապա դա բացասաբար կարող է ազդել ձեր առողջության վրա»,– ասել է հետազոտության հեղինակ Մարի Սոլեյ Բոդուանը։

No comments: