Wednesday, April 6, 2011

Ի. Ղամբար. Ադրբեջանի իշխանությունը նման է Հյուսիսային Աֆրիկայի և մերձավոր Արևելքի կործանվող վարչակարգերին

Panorama.am. 6-4-2011- Ադրբեջանի իշխանությունը հետխորհրդային տարածքում ամենից շատ է նման Հյուսիսային Աֆրիկայի և մերձավոր Արևելքի կործանվող վարչակարգերին:
Այս մասին «Օյեկտիվ ՏՎ»-ին ասել է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը:
Քաղաքական դինաստիայի հաստատումը ժողովրդավարության տեսանկյունից անթույլատրելի է: Ավտորիտար մեթոդներով կառավարման իրականացումը, ֆինանսական, ռազմական և քաղաքական իշխանությունների սերտաճումը, տնտեսության ամբողջական մոնոպոլիան այն հատկանիշներն են, ինչով Ադրբեջանը շատ նման է Լիբիային:
Նա ընդգծել է, որ «Հասարակական պալատի» կազմակերպած 2 հանրահավաքներից հետո երկրի իշխանություններն ու միջազգային հանրությունը պետք է համապատասխան հետևություններ անեն: Ադրբեջանում տեղի ունեցող հանրահավաքները ցույց են տալիս, որ ժողովուրդը վճռական է տրամադրված և անհրաժեշտ ժողովրդավարական փոփոխություններ է ակնկալում:
Վերջինս անթույլատրելի է համարում այն հանգամանքը, որ իշխանությունները մշտապես խոսում են ժողովրդավարությունից, սակայն առաջնորդվում են ավտորիտար սկզբունքներով:
Ղամբարը նշել է, որ իշխանություններն առաջնային կարգով պետք է զերծ մնան հանրահավաքի մասնակիցների ձերբակալություններից, ազատ արձակեն քաղբանտարկյալներին, քաղաքացիներին իրենց քաղաքական այլախոհության համար չհալածեն: Անհրաժեշտ է հարգել հասարակության ազատ հավաքների իրավունքը, չսահմանափակել ԶԼՄ-ի գործությունեությունը:
Նա անհրաժեշտ է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցացումը:
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ հասարակությունն այժմ այլ կերպ է տրամադրված, և չնայած այն հանգամանքին, որ և՛ ոստիկանությունը, և՛ բանակն անընդհատ զգուշացումներ են հնչեցնում, բողոքավոր զանգվածի թիվը գնալով աճում է:

No comments: