Thursday, April 21, 2011

Դավութօղլու. «Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը»

7Or.am. 20-4-2011- Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հայ–թուրքական արձանագրություններին՝ նշել է, թե ստորագրելով արձանագրությունները՝ Հայաստանի հետ խոստումնալից հարաբերությունների սկիզբ է դրվել, և այն պետք է շարունակվի:
–Մենք ցանկանում ենք վերականգնել բարեկամությունը թուրքերի ու հայերի միջև: Դա պետական գործերի հեռատեսական կառավարում է պահանջում: Հայաստանը կարող է նման պետական մոտեցում ցուցաբերել և ոչ միայն շարունակել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղին, այլ նաև դառնալ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացների մասնակից։ Մենք հուսով ենք նաև, որ Հայաստանը ձեռնպահ կմնա արձանագրությունների վավերացման գործընթացից հրաժարվելուց,–ասել է Դավութօղլուն:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նա նշել է, թե այն շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտի հաստատման գլխավոր խոչընդոտը:
«Ցավոք, ղարաբաղյան հակամարտության «պատային» իրավիճակը բացասական մթնոլտ է ստեղծում տարածաշրջանում: Մենք այդ պրոբլեմը մեղմելու հնարավորություններ ենք փնտրում, որպեսզի տարածաշրջանն ընթանա դեպի խաղաղություն և կայունություն: Այդ պարագայում անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտաության կարգավորման ուղղությամբ քայլեր կատարել, ինչը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն է: Այդ քայլը, բնական է, դրական ազդակ կտա նորմալացման գործընթացներին, ընդ որում՝ բոլոր ուղղություներով»–ասել է նա:
Թուրքիայի արտգործնախարարը կրկին փոխկապակցել է հայ–թուրքական ու ղարաբաղյան հակամարտությունների կարգավորումները.
«Առաջին հայացքից այս երկու խնդիրները թվում են իրար հետ կապ չունեցող, սակայն այս երկու գործընթացների միջև փոխադարձ կապն անվիճելի է՝ մասնավորապես Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան կապերում: Մենք պետք է երաշխավորենք, որ այս երկու գործընթացները կպահպանեն միմյանց ուժգնացնող ազդեցությունը, այսինքն՝ մեկի դրական արդյունքը կարող է առաջընթաց արձանագրել մյուսում»:

No comments: