Tuesday, April 12, 2011

Առաջին մարդը տիեզերքում

Դա տեղի ունեցավ «սառը պատերազմի» շրջանում: Երկու գերտերությունները` Խորհրդային Միությունը եւ Միացյալ Նահանգները ներքաշված էին թեժ մրցապայքարի մեջ բոլոր բնագավառներում` քաղաքական, ռազմական, մարզական: Մրցավազքը նաեւ տիեզերական հետազոտությունների ոլորտում էր, որը հասարակության համար գուցեեւ պատվի հարց էր, սակայն միջուկային հսկաների քաղաքական ղեկավարների տեսակետից պայքար էր հանուն ռազմական առավելության:
Միացյալ Նահանգների համար անակնկալ էր Խորհրդային Միությունից ստացված լուրը արհեստական առաջին արբանյակը տիեզերք արձակելու մասին: Կենդանիներ, մարդու մանեկեններ մեկնել են տիեզերք եւ վերադարձել: Պարզ էր, որ երկու երկրները մոտեցել էին տիեզերք մարդ ուղարկելու օրվան, եւ ահա 1961 թվականի ապրիլի 12-ին ամբողջ աշխարհն իմացավ, որ առաջինն այդ վիթխարի նվաճումը ապահովել է խորհրդային օդուժի 27-ամյա սպա Յուրի Գագարինը:
Վերադառնալով Երկիր մոլորակ` Գագարինը ստացավ հերոսի կոչում եւ դարձավ մայոր: Հետաքրքիր է, որ Գագարինը «Վոստոկ» հրթիռով տիեզերք բարձրացավ դեռ որպես ավագ լեյտենանտ, սակայն երկրի ղեկավար Նիկիտա Խրուշչեւի պահանջով նրան արտահերթ կարգով մայորի աստղ շնորհվեց:

Դա այն տարիներին ամենատպավորիչ եւ խորհրդանշական առումով ամենակարեւոր նվաճումն էր կոմունիստական եւ կապիտալիստական ճամբարների պայքարում:

108 րոպե տեւողությամբ թռիչքից հետո Յուրի Գագարինը անմիջապես դարձավ համաշխարհային աստղ, Արեւմուտքը ստիպված ընդունեց նրա նվաճումը որպես համամարդկային հաղթանակ:

Շփման մեջ պարզ ու համեստ երիտասարդը այցելել է տասնյակ երկրներ, ընդունվել արքաների եւ նախագահների կողմից, ստացել է անհաշիվ մեդալներ եւ պարգեւներ: Խորհրդային Միությունում եւ արտասահմանում նրա հետ շփվելու առիթ ունեցած բոլոր մարդկանց գերել են հերոսի` լույս ճառագող աչքերն ու աներեւակայելի բարի ժպիտը:

1968 թվականի մարտի 27-ին Յուրի Գագարինի եւ օդաչու Վլադիմիր Սերյոգինի «ՄիԳ-15» ուսումնական օդանավը աղետի ենթարկվեց: Խորհրդային Միությունում առաջին անգամ սուգ հայտարարվեց պետական ղեկավար չհանդիսացող մարդու մահվան առիթով: 34-ամյա Գագարինի եւ 46-ամյա Սերյոգինի աճյունները ամփոփվեցին Կարմիր հրապարակում` Կրեմլի պատի մոտ:

Տիեզերական մրցավազքը շարունակվեց Գագարինի թռիչքից 3 շաբաթ անց` 1961 թվականի մայիսի 5-ին տիեզերք մեկնեց ու բարեհաջող վերադարձավ ամերիկացի Ալան Շեփարդը:

Ամերիկան առաջինն է Լուսին ուղարկել աստղանավորդներ, բայց միեւնույն է` պատմության մատյաններում Գագարինն է դարձել այն մարդը, ով առաջինն է հաղթահարել Երկրի ձգողականությունը:

Տիեզերագնացի մասին «Աստղամարդը. ճշմարտությունը Գագարինի լեգենդի ետեւում» գրքի համահեղինակներից Ջամի Դորանը նշել է, որ նա, թերեւս, միակն է, ով մեծ հարգանքի է արժանացել խորհրդային դարաշրջանում, ապա հասել է 21-րդ դար եւ այսօր էլ Ռուսաստանի հերոս է:

«Բոլորը սիրում էին այդ տղային», – ասել է Դորանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին։
Աղբյուր` «Ազատություն» ռադիոկայան:

No comments: