Tuesday, April 12, 2011

«Հայոց աշխարհ». Ադրբեջանում շարունակում են ոչնչացնել հայկական հուշարձանները

 Թերթը զրուցել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ, ով ուշագրավ բացահայտումներ է արել Ադրբեջանում հայկական հուշարձանների ճակատագրի վերաբերյալ իր հրատարակած «Վարձք» հանդեսում:
«Վերջին 16-17 տարիների ընթացքում այստեղ զանգվածաբար, պետական ծրագրով ոչնչացրել եւ շարունակում են ոչնչացնել հայկական հուշարձանները: Եվ դարձյալ շեշտը դրվում է պաշտամունքային կառույցների եւ գերեզմանատների հուշարձանների վրա: Այսինքն՝ հատկապես ջնջում են քրիստոնեական շերտը:
Ոչնչացվում են հուշարձաններ, որոնք տասնամյակներ շարունակ, 60-ականներից ի վեր պիտակվել էին աղվանական, տասնյակ հարյուրավոր հոդվածներ ու գրքեր են հրատարակվել դրանց ադրբեջանական լինելու մասին»,- նշել է Կարապետյանը եւ հավելել. «Հարեւան երկրի ներկայացուցիչները եթե մինչ այդ աղվանական, ըստ այդմ, նաեւ ադրբեջանական լինելու մասին գրքեր էին հրատարակում, հիմա ոչնչացնում են հենց այդ հուշարձանները` սկսած Ջուղայի գերեզմանոցից, ուր մինչ այդ վերլուծում էին իբր «խաչդաշների» զարդերը` կապելով դրանք իրենց չեղած զարդաքանդակների եւ խորհրդանիշերի հետ, բայց...
Եւ քանի որ այդ ամենը սուտ էր, իրենք էլ շատ լավ գիտեին, որ հորինված է, ի վերջո, իրենց իսկական դեմքը ցույց տվեցին եւ շարունակում են ցույց տալ` ավերելով բազմաթիվ հուշարձաններ»:
Հուշարձանագետը նշել է, որ դրանցից շատերի մասին լուր չկա: «Տարբեր եղանակներով փորձել ենք տվյալներ եւ նոր լուսանկարներ հավաքել: Մեզ շատ օգնեց բելգիացի մի լուսանկարիչ` Ֆրեդերիկ Բերլեմոնը, որին են պատկանում, մասնավորապես, 2007-ին արված Գանձակի շրջանի լուսանկարները: Այն հուշարձանները, որոնցից չունենք լուսանկարներ, բարեբախտաբար այլ հնարավորություն ունենք, այն է` GOOGLE-ով տվյալ վայրը տեսնել եւ ներկա կացությունը ճշտել:
Հանդեսում զետեղել ենք նաեւ Կրասնոդարից մեզ ուղարկված մի լուսանկար. մի թուրքի վարձել են, խնդրելով, որ գնա Ղալակա գյուղը նկարի: Սա նկարել եւ բերել է, ըստ որի` այնտեղ եղած եկեղեցին այլեւս գոյություն չունի, պայթեցված է: Արցախից, պատերազմական գոտուց հեռու այս գյուղի դրվագը ցույց է տալիս, որ մեր հուշարձանների ոչնչացումը ոչ մի կերպ չի կապվում պատերազմի հետ: Այսինքն, հստակ է` ամենուր հայկական հետքը ջնջում են»,- նշել է Կարապետյանը եւ նկատել, որ օրինակները բազմաթիվ են` «Բանանց գյուղի եկեղեցու խաչը տապալել են` եկեղեցու վրա նվաճող երկրի դրոշը դնելով, կամ Ազատ գյուղի եկեղեցին են պայթեցրել, Գետաշեն գյուղի կենտրոնական թաղամասը հրդեհել»:

No comments: