Tuesday, April 5, 2011

Թուրքական խորհրդարանական հանձնաժողովն ընդունել է «մանկապիղծների ամորձատման մասին» օրինագիծը

Tert.am. 5-4-2011- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արդարադատության հանձնաժողովն ընդունել է «մանկապիղծների ամորձատման մասին» օրինագիծը, որով նախատեսվում է ամորձատել մանկապիղծներին, մեկից ավելի բռնաբարություն իրականացնելու համար դատապարտված անձանց, ինչպես նաև խստացնել սեռական բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը։ Այս մասին են հաղորդում թուրքական լրատվամիջոցները՝ տեղեկացնելով, որ օրինագիծն առաջիկայում քվեարկության կդրվի լիագումար նիստում։
Հիշեցնենք, որ այս օրինագիծն ամիսներ առաջ խորհրդարան էր ներկայացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության երկու կին պատգամավորների կողմից։
Վերջերս թուրք հանրության շրջանում թեմայի առնչությամբ հարցում էր անցկացվել, որի մասնակիցների 77,6%–ը կողմ էր արտահայտվել Թուրքիայում երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ իրականացնողների նկատմամբ, որպես պատժամիջոց, ամորձատում սահմանելուն։

No comments: