Saturday, April 16, 2011

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զսպաշապիկ են հագցնում Ադրբեջանին. ԱԺ փոխնախագահ

News.am. 15-4-2011- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում արված հայտարարությունը զսպաշապիկ կհագցնի Ադրբեջանին` ստիպելով նրան այլեւս ձեռնպահ մնալ ոչ միայն ռազմատենչ հայտարարություններ անելուց, այլ նաեւ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելուց:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը` հավելելով, թե հայտարարությունը կողմերի համար պետք է որպես ուղեցույց դառնա:
Նա նաեւ հավելեց, որ Մինսկի խմբի համանախագահները մինչեւ այժմ բավարարվել էին շփման գծում արձանագրված միջադեպերի մասին հայտարարություններ անելով: «Սակայն վերջին հայտարարությունն արդեն գործնական քայլ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հրապարակային, թափանցիկ հետաքննություն անցկացնել երկու կողմերի մասնակցությամբ»,-նկատեց Նիկոյանը:
Ըստ ԱԺ փոխնախագահի` այս հայտարարությունը նաեւ կստիպի Ադրբեջանին հետ կանգնել Ղարաբաղի օդանավակայանից թռչող քաղաքացիական օդանավերին հարվածելու սպառնալիքից, ինչի մասին հայտարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` քաղավիացիայի վարչության պետի շուրթերով: «Ադրբեջանը պետք է շատ լավ հասկանա, որ Ադրբեջանն ու Հայաստանը միմյանց հետ պետք է հաղորդակցվեն ոչ միայն ցամաքային, այլ նաեւ օդային կապով: Դա ընդամենը հաղորդակցություն է, կապ երկու պետությունների միջեւ: ԼՂ-ն, ինչպես աշխարհի շատ չճանաչված պետություններ, օդային հաղորդակցության իրավունք ունի»,-նշեց Նիկոյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում արած հայտարարության մեջ ասվում է, որ ժամանակն է ավարտել եւ հաստատել ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ խաղաղ համաձայնագրի մշակումը:
«Համանախագահները ողջունում են կողմերի հավաստիացումները, թե հրաժարվելու են քաղաքացիական օդանավերի վրա հարձակվելուց կամ սպառնալիքներից, այդ հարցերը հետաքննելու են դիվանագիտորեն եւ զերծ են մնալու հարցի քաղաքականացումից:
Համանախագահները ապրիլի վերջին այցելելու են Վաշինգտոն` խորհրդատվություններ անցկացնելու ԱՄՆ կառավարության պաշտոնատար անձանց հետ քննարկելու առաջընթացի կարգավիճակը խաղաղ կարգավորման հարցում»,- ասված է հայտարարության մեջ:

No comments: