Thursday, April 7, 2011

ԼՂ խնդիրը լուծումը հնարավոր է միայն Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունների լուծման կոնտեքստում. գերմանացի փորձագետ

News.am. 6-4-2011- Գերմանիան շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմամբ, սակայն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում Գերմանիայի համար ամենափոքր հետաքրքրությունը ներկայացնում է Հայաստանը։ Այս մասին ապրիլի 6-ին «Կովկասյան լրագրողների ցանց»-ում հայտարարել է գերմանական «Deutsche Welle» հեռուստաընկերության ռուսական խմբագրության գլխավոր խմբագիր Ինգո Մանտոյֆելը։ Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաեւ Թուրքիայի հետ բարդ հարաբերությունների պատճառով Հայաստանը մոտ ապագայում չի կարող դիտարկվել, որպես էներգակիրների տարանցման համար հարմար ուղի:
«Գերմանիայում Հայաստանին ընկալում են, որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի կարեւոր ռազմավարական գործընկեր։ Իմ կարծիքով, Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնում է այդ երկրի գրավչությունը գերմանական ներդրումների համար»,- ասաց փորձագետը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, նա նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունները նախեւառաջ պետք է բաենպաստ պայմաններ ստեղծեն քաղաքացիական հասարակության եւ անկախ մամուլի զարգացման համար։ «Առանց ժողովրդավարական ինստիտուտների զարգացման անհնար է հակամարտություններին լիարժեք լուծում տալ։ Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական անբավարարությունների մասին բոլորին է հայտնի։ Երկու երկրներում էլ մեծ ջանքեր պետք է գործադրվեն իրավական պետության եւ անկախ արդարադատության ստեղծման համար»,-նշեց Մանտոյֆելը՝ ավելացնելով, որ նույնիսկ այս փոփոխությունները չեն կարող լուծել հակամարտությունը մոտ ապագայում։

Ըստ նրա՝ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների ընդհանուր պլատֆորմի վրա։ «Սա շատ բարդ հակամարտություն է, եւ այն անհնար է լուծել արագ եւ շահեկան բոլոր կողմերին։ Իմ կարծիքով, կարեւոր է տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների կոնտեքստում փորձել լուծել նաեւ այս կոնֆլիկտը։ Դրա համար անհրաժեշտ է Կովկասում համագործակցության եւ անվտանգության ապահովման ընդհանուր պլատֆորմ ստեղծել»,- ասաց «Deutsche Welle» ռուսական խմբագրության ղեկավարը։


No comments: