Thursday, April 7, 2011

Սիրիան զիջումներ է կատարում երկրի մուսուլմանական հասարակության օգտին

Tert.am. 6-4-2011- Սիրիայի կրթության նախարարությունը հանել է պետական դպրոցներում ուսուցչուհիների՝ փարաջա հագնելու արգելքը։
Ինչպես հաղորդում է պետական «Թիշրին» թերթը, նիկաբ (հագուստ, որը ծածկում է ամբողջ դեմքը, բացի աչքերից) կրող շուրջ 1200 կին 2010թ. հուլիսին հեռացվել էին դպրոցից։
Փաստորեն կառավարության այս նոր քայլը կարելի է համարել Սիրիայի իշխանությունների կողմից նոր զիջում հօգուտ երկրի մուսուլմանական մեծամասնության։
Դա մասնավորապես նշանակում է, որ փարաջա կրող մանկավարժները կվերադառնան իրենց աշխատանքներին, կլուծվի «Ալ Շամ» մուսուլմանական իրավունքի հետազոտական ինստիտուտի ստեղծման խնդիրը, կբացվի իսլամական կրոնական արբանյակային հեռուստաալիք։
Իսլամական հասարակությանը ևս մեկ զիջում կարելի է համարել իշխանությունների կողմից երկրում գործող միակ խաղատան փակումը։
Այս կապակցությամբ տեղի իսլամական հոգևորականության ներկայացուցիչ շեյխ Մուհամմադ Սաիդ ալ Բուտին հայտարարել է, որ Սիրիայի ղեկավարությունը «դրականորեն է արձագանքել իսլամական հոգևոր առաջնորդների խմբի կողմից առաջ քաշված պահանջներին»։
Սիրիայի հարավային Դարաա քաղաքում մարտի 18-ին սկսված, այնուհետև ամբողջ երկրով մեկ տարածված հակակառավարական ցույցերից հետո երկրի իշխանությունները առաջ են քաշել քաղաքական և տնտեսական բարեփոխումների ծրագիր։

No comments: