Tuesday, April 5, 2011

ԱՍՏՂԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

«Լրագիր» 5-4-2011- Հայաստանի շոու-բիզնեսի աստղերը Տաշիր մրցանակաբաշխությունից հետո Մոսկվայից Երեւան վերադառնալու ճանապարհին տեղեկացել են համացանցով իրենց ուղղված կոչերի մասին, որոնց հեղինակները աստղերին կոչ էին անում Տաշիրում իրենց ստացած բնակարանները նվիրել բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին:
Երեւան ժամանելուն պես աստղերը, առանց տուն գնալու, անմիջապես հենց օդանավակայանում Աստղային Ժողովի նիստ են գումարել, որի օրակարգում եղել է Տաշիրում ստացած նվերների տնօրինման հարցը: Քննարկվել է համացանցով իրենց ուղղված կոչը: Ամբողջ գիշեր տեւած նիստի արդյունքում ի վերջո մի քանի պատմական որոշումներ են կայացվել:
Առաջին որոշումով աստղերը արձագանքել են համացանցի կոչին եւ իրենց նվեր ստացած բնակարանները որոշել են տալ առավել կարիքավոր ընտանիքներին` վարձով: Որոշումը հեշտ չի ընդունվել: Եղել են աստղեր, որոնք արդարացիորեն բողոքել են դրա դեմ: Օրինակ, վաստակաշատ Նունե Եսայանն իրեն հատուկ անկեղծությամբ եւ արդարամիտ զայրույթով ասել է, թե ինքը մեղավոր չէ, որ կարիքավորները բնակարան չունեն: “Չունեն, ուրեմն իրենք են մեղավոր, որ չունեն: Թող այնտեղ լինեին, որ ունենային”, արդարացիորեն նկատել է արտիստուհին, նկատի ունենալով այն, որ եթե կարիքավորները ցանկանում են բնակարան ունենալ, ապա նախ պետք է ներկայություն ունենան Տաշիր մրցանակաբաշխությանը:

“Պզոն իմ մանկության ընկերն է, բայց ճշմարտությունն ամենից թանկն է: Նա հիմա կարիքի մեջ է, բայց ես նույնիսկ իմ մանկության ընկերոջը չեմ տա բնակարան, ուր մնաց անծանոթ կարիքավորներին”, հայտարարել է մեկ այլ վաստակաշատ արտիստ Թաթա Սիմոնյանը, աջակցելով իր գործընկեր Նունե Եսայանին: Երբ Գարիկ Մարտիրոսյանը փորձել է կատակով լիցքաթափել լարված մթնոլորտը, դահլիճում լույսերն անջատել են: Իսկ երբ Գարիկը համառել է, չնայած մթությանը, ապա ինչ որ մարդիկ ներխուժել են դահլիճ եւ բամբակ խոթել աստղերի ականջների մեջ: Երբ Գարիկը վերջացրել է, այդ մարդիկ մոռացել են ներս գալ ու հանել իրենց խոթած բամբակները: Աստղերը, չլսելով ոչինչ, կարծել են, թե ֆոնոգրաման խափանվել է: Նրանցից որեւէ մեկը երկար ժամանակ չի համարձակվել ձայն հանի, որպեսզի դիմացինները չիմանան, որ ինքը ֆոնոգրամայով է խոսում: Նիստի ականատեսները հայտնում են, թե դժվար է ասել` ինչքան կտեւեր լռությունը, եթե բամբակ խոթող ծառայության դիսպետչերը չհիշեր, որ Գարիկի կատակից հետո աստղերի ականջները մոռացել են բացել:

Դրանից հետո նիստը շարունակվել է հանգիստ հունով: Եղել է բնակարանները ոչ թե կարիքավորներին վարձով տալու, այլ ուղղակի կարիքավորներին վաճառելու գրավոր առաջարկը, բայց այն մերժվել է: Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ ընտանիքն այսօր կարիքավոր է, վաղը կարող են գործերը լավանալ: Հետեւաբար, երբ այդ ընտանիքի գործերը լավանան, աստղերն իրենց բնակարանը նրանից հետ կվերցնեն ու վարձով կտան նոր կարիքավոր ընտանիքի: Եթե բնակարանը վաճառվի կարիքավորներին, ապա աստղերը փաստացի չեն կարող այդ բնակարանը շարունակաբար ծառայեցնել մարդասիրությանը:

Բուռն քննարկումներ են եղել վարձի չափի շուրջ: Ընդունվել է “տոմս բնակարանի դիմաց” տարբերակը, որը նախատեսում է, որ բնակարանի վարձի փոխարեն, կարիքավոր ընտանիքը աստղից նրա մենահամերգի տոմս է գնում` մեկ սենյականոցի դեպքում ամիսը 25 տոմս, երկու սենյականոցի դեպքում ամիսը 45 տոմս, երեք սենյականոցի դեպքում ամիսը 60 տոմս: Ընդ որում, տոմսերը գնվում են անկախ այն բանից աստղը մենահամերգ ունի այդ ամիս, թե ոչ:

Ընդ որում, արդեն իսկ հայտնի են բնակարանների առաջին կարիքավոր վարձակալները: Ժողովի ընթացքում Տաշիրի նախորդ մրցանակաբաշխություններում բնակարան նվեր ստացած աստղերը վարձել են Տաշիր 2011-ին բնակարան նվեր ստացած աստղերի բնակարանները, քանի որ իրենց բնակարանները արդեն բավական հին են եւ բնակության համար ոչ պիտանի: Նոր բնակարանների վարձակալներն արդեն իսկ լուծել են առաջին մի քանի ամիսների վարձի հարցը: Նրանք տանտերերի մենահամերգի տոմսերը փոխել են իրենց մենահամերգի տոմսերի հետ:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ Աստղային Ժողովը միաձայն քվեարկել է Տաշիրում նվեր ստացած մեքենաներով տաքսի սերվիս բացելու որոշման օգտին: Տաքսի սերվիսի ամբողջ հասույթը ուղղվելու է կարիքավորներին: Մասնավորապես, արդեն իսկ որոշվել է, որ առաջին եռամսյակի ամբողջ շահույթը կուղղվի այն երգիչ-երգչուհիներին, որոնք արդեն տասը օր է հնարավորություն չեն ունեցել որեւէ հոլովակ նկարահանել, որեւէ ալբոմ բաց թողնել կամ որեւէ հայ համայնքում համերգ կպցնել:

Աստղային Ժողովը բուռն եւ երկարատեւ ծափահարություններով է ողջունել իր կայացրած որոշումները: Երբ նիստի մասնակիցներն ուր որ է պետք է ցրվեին, նրանք շնորհակալական հեռագիր են ստացել Մոսկվայից: Տաշիրի կազմակերպիչները նրանց շնորհակալություն են հայտնել Սամվել Կարապետյանի շռայլությունն այդքան մարդասիրաբար տնօրինելու համար: Ստանալով շնորհակալագիրը, աստղերը հուզմունքից երկար ժամանակ չեն կարողացել ուշքի գալ: Սակայն հեռագրի թուղթը մի քանի րոպե տակուվրա անելուց հետո տեսնելով, որ միայն դատարկ շնորհակալություն է եւ ոչ մի բնակարանի կամ մեքենայի մասին էլ խոսք չկա, աստղերը հիասթափված մի կողմ են դրել հուզմունքը եւ ցուցադրաբար այրել են ստացած շնորհակալական հեռագիրը:

Աստղերից մի քանիսը հասցրել են այրվող հեռագրի ֆոնին նոր տեսահոլովակ նկարահանել, թե ինչպես են փորձում ձեռքերն այրելու գնով կրակից դուրս բերել Սամվել Կարապետյանից ստացված հեռագիրը:

Lragir.am-ի ֆուտուրիստական դիտարկումների բաժին

No comments: