Wednesday, April 6, 2011

ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԿՈՒՍՏԵՔ ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅ ԵՎ ՍԵՐԲ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ

«ԱԶԳ», 06-04-2011- Երեկ ավարտվեց Հայաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Սերբիա: Երեկվա համարում տեղեկացրինք, որ այցի առաջին օրը Սերժ Սարգսյանին ընդունել են Սերբիայի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը: Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել «մամուլի համար հայտարարությամբ», որին երեկվա համարում անդրադարձել է «Ազգը» : Այցի երկրորդ օրը Հայաստանի նախագահին ընդունել է Սերբիայի պատրիարք Կիրինեն: Վերջինս նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդների ամենամեծ ընդհանրությունը կրոնն է: Նախագահ Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ եւս եկեղեցին մեծ դեր է խաղացել` երբեմն փոխարինելով պետականությանը: Նախագահը այցելել է Սուրբ Գաբրիել հրեշտակապետի Մայր տաճար, որտեղ սերբ պատրիարքն իր հյուրին է ներկայացրել եկեղեցու պատմությունն ու նշանակությունը սերբ ժողովրդի համար: Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը հանդիպել է նաեւ Սերբիայի փոքրաթիվ` 350-հոգանոց հայ համայնքին:
Երեկ Հայաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի իր գործընկերոջ` Նուրսուլթան Նազարբաեւի հետ եւ շնորհավորել վերջինիս` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ «երկու երկրների նախագահների ձեռք բերած անձնական վստահելի հարաբերությունները կշարունակեն հետագայում եւս ծառայել` ի շահ հայ եւ ղազախ ժողովուրդների»: Նշենք նաեւ, որ Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակեց անցյալ կիրակի անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նախնականից ոչնչով չեն տարբերվում. Ղազախստանի վերընտրված նախագահ Նազարբաեւը հավաքել է ընդհանուր ձայների` 95,5 տոկոսը:

No comments: