Wednesday, April 6, 2011

Աղանդների տարածումը վտանգավոր է հատկապես համապետական ընտրությունների նախաշեմին. ՀԿ նախագահ

Tert.am. 5-4-2011- Այն գրականությունը, որ որպես էքստրեմիստական՝ արգելվում է Ռուսաստանում, մեզ մոտ բացահայտ տարածվում է: Այսօրվա ասուլիսին այս մասին հայտնեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը` խոսելով Հայաստանում առկա օրենսդրական թերությունների մասին: Նա ասաց, որ այսօր ոչ մի կառույց կամ փորձագետ չի կարող վերահսկել կրոնական կազմակերպությանը` հասարակության համար փակ են մնում նրա աշխատանքի մեթոդները, միջոցները և իրական նպատակները:
Նա կրոնական ոլորտին վերաբերող հայաստանյան օրենքները համարեց թույլ և անիմաստ: «Ցավալին այն է, որ մեր կառավարությունն օրենսդրական փոփոխությունները մշակելուց հետո ոչ թե ժողովրդին է տվել` քննարկելու, այլ ուղարկել է Եվրոպա, և եթե նրանք թույլ տան, նոր մենք քննարկենք»,- ասաց Ամարյանը:
Հայաստանում այսօր ոչ առաքելական կրոնական կազմակերպությունների` աղանդների անդամների թիվը, ըստ Ամարյանի, հասնում է շուրջ 300-350 հազարի: Ըստ նրա` դա շատ վտանգավոր է համապետական ընտրությունների նախաշեմին, քանի որ այս կազմակերպությունների անդամները միանշանակ լսում են իրենց առաջնորդներին: «Եթե նրանց ասվի` պիտի այս մարդուն տաս ձայնդ, նա կգնա ու կընտրի հենց այդ մարդուն` նույնիսկ առանց ճանաչելու»,- ասաց նա:
Ամարյանն անդրադարձավ նաև կրոնական կազմակերպությունների` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն` նշելով, որ կան
ոսկու և ադամանդի, սննդամթերքի տեսասկավառակների արտադրությամբ զբաղվող կրոնական կառույցներ: «Օրինակ` կառույցի ներսում տեսանյութերի արտադրությունը և վաճառքը չի վերահսկվում և չի հարկվում. իսկ ծավալները, իրոք, շատ մեծ են»,- ասաց նա:
Ըստ նրա` կրոնական կազմակերպությունների մի մասն էլ Հայաստանում ունի քաղաքական նպատակներ: «Մորմոններին, օրինակ, չի էլ հետաքրքրում իրենց աղանդ նոր անդամներ մուտքագրելը։ Իրենց հետաքրքրում է միայն, որ ամերիկյան միսիոներները գան Հայաստան, սովորեն հայոց լեզուն, կատարեն վերլուծություններ, մարդկանց մասին հավաքեն և իրենց կենտրոն փոխանցեն տվյալներ` այսինքն հետախուզություն անեն»,- նշեց նա:
Ըստ նրա` կարելի է որպես հոգեորսություն բնութագրել նրանց գործունեության՝ այժմ «լիովին օրինական» ձևերը սպասարկման ոլորտում: «Ծառայություն մատուցելու սֆերայի մեջ են մտնում, և մարդկանց հետ շփվելով ներգրավում իրենց կրոնական կառույցի մեջ` դա լրիվ հոգեորսության ձև է»,- նշեց Ամարյանը: Նա օրինակ բերեց վերջին երեք օրերին համալիրում անցկացվող դեղագործական էքսպոյում «Տրանսցենդենտալ մեդիտացիա» կառույցի անդամների առաջարկած «հրաշագործ մեղրը». «Այս տաղավարի մոտ հայ սպառողների հերթ էր գոյացել»,- ասաց նա` հիշեցնելով, որ մարդու ուղեղի վրա ազդելով լսողությամբ, տեսողությամբ և հոտառությամբ` աղանդների ներկայացուցիչները մարդուն ներքաշելու համար կիրառում են լավ մշակված հոգեբանական մեթոդներ:

No comments: