Wednesday, April 6, 2011

Firefox 4-ի հայերեն տարբերակն արդեն հնարավոր է անվճար ներբեռնել Firefox –ի պաշտոնական կայքից

Firefox 4-ի հայաֆիկացման աշխատանքները ավարտվել են մարտի վերջին։ Արդյունքում` Firefox 4-ի հայերեն տարբերակն արդեն հնարավոր է անվճար ներբեռնել Firefox –ի պաշտոնական կայքից՝ www.firefox.com-ից։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Mozilla Foundation-ի աշխատակից Ռոբերտ Սարգսյանը, ով հանդիսանում է նաեւ «Մոզիլլա Հայաստան» թիմի ղեկավարներից մեկը: Նրա խոսքով՝ մինչ այսօր բրաուզերի հայերեն տարբերակի 213 ներբեռնում է իրականացվել։
Ռ. Սարգսյանի խոսքով՝ շատ օգտագործողներ դեռեւս չեն անցել Firefox 4-ին, եւ շարունակում են օգտագործել Firefox 3,6-ը, հիմնականում ռուսերեն տարբերակը։ Բրաուզերի նոր տարբերակը ներբեռնելիս նրանք ուղղակի թարմացում են կատարում եւ ընտրում բրաուզերի ռուսերեն լեզվի նոր տարբերակը։
«Եթե դուք ձեր համակարգիչում որպես առաջին նախընտրելի լեզու նշել եք հայերենը, ապա Firefox –ի պաշտոնական կայքը մոտ 70 լեզուների միջից ձեզ միանգամից կառաջարկի բրաուզերը ներբերնել հայերեն լեզվով»,-ասաց Ռ. Սարգսյանը։ Ըստ նրա՝ ներկայումս իրենք բանակցություններ են տանում «Մոզիլլա Ֆաունդեյշնի» հետ, որպեսզի հայաստանյան օգտագործողներին կայքը անմիջապես առաջարկի բրաուզերը ներբեռնել առաջինը հենց հայերեն լեզվով՝ անկախ նրանից, թե համակարգիչում որպես նախընտրելի լեզու որն է նշված։
Նշենք, որ «Մոզիլլա Հայաստան» թիմը՝ շուրջ 10 հայ երիտասարդներ, ամռան ամիսներից կամավորական հիմունքներով սկսել էին Firefox 4-ի հայաֆիկացման աշխատանքները, որի նպատակն էր հայերեն տարբերակը դարձնել «Մոզիլլայի» պաշտոնական արտադրանք եւ այն ներգրավել «Ֆայրֆոքսի» պաշտոնական կայքում։ Հայաֆիկացման աշխատանքները կատարվել են «Մոզիլլա Ֆաունդեյշնի» մասնագետների հետ համատեղ:

No comments: