Wednesday, April 6, 2011

Մերկելը դադարեցրել է իրանա-հնդկական նավթային գործարքի ֆինանսավորումը. Բեռլինի ծրագրերը Վաշինգտոնին դուր չէին եկել

Tert.am. 6-4-2011- Գերմանիան դադարեցրել է Իրանի և Հնդկաստանի միջև նավթային վիճելի գործարքի ֆինանսավորումը, որն իրականացվում էր Գերմանիայի Կենտրոնական բանկի (Բունդեսբանկ) ֆինանսավորմամբ։
Ինչպես գրում է գերմանական Spiegel պարբերականը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանձնարարել է դադարեցնել բոլոր գործարքները՝ չնայած Հնդկաստանը դեռ հնարավորություն ունի փոխանցել արդեն ստացված նավթի գումարը:
Որ Բունդեսբանկը համաձայնել է Հնդկաստանին իրանական նավթի մատակարարման բազմամիլիարդանոց գործարքի հարցում Թեհրանի և Դելիի միջև հանդես գալ որպես միջնորդ, մարտի վերջին հայտնել էր գերմանական Handelsblatt պարբերականը։
Վկայակոչելով կառավարական շրջանակների իր աղբյուրը՝ Spiegel–ն իր հերթին հայտնել է, որ այդ գործարքին Գերմանիայի մասնակցության պայմաններից մեկը եղել է Իրանի կողմից երկու գերմանացի լրագրողների ազատ արձակումը, որոնք ձերբակալվել էին անցյալ տարվա հոկտեմբերին։
Նշենք, որ Իրանը 2-րդ տեղն է զբաղեցնում Հնդկաստանի նավթամատակարարների ցուցակում. ածխաջրածինների մատակարարման գործարքների ծավալը գնահատվում է տարեկան 12 մլրդ դոլար։
Թեհրանի դեմ տնտեսական կոշտ պատժամիջոցներ սահմանելուն հակված ԱՄՆ-ի ճնշման ներքո, սակայն, Հնդկաստանը հրաժարվեց Իրանի հետ գործնական ուղիղ կապերից։
Արդյունքում՝ իրանական նավթի դիմաց վճարման հարցում միջնորդ հանդիսացավ Գերմանիայի ԿԲ–ն։ Հնդկաստանից ստացված գումարները Բունդեսբանկից փոխանցվում էին գերմանական Համբուրգ քաղաքում տեղակայված իրանական Europaeisch-Iranische Handelsbank-ին (EIH)։ Այս գործարքում Գերմանիայի մասնակցությունն անհանգստացրել է ԱՄՆ–ին: Վաշինգտոնի կարծիքով՝ Գերմանիան օգնում էր Իրանին ՄԱԿ–ի պատժամիջոցները շրջանցելու գործում։
EIH բանկն ընդգրկված է ԱՄՆ սև ցուցակի մեջ։ Դեռ 2010թ. The Wall Street Journal պարբերականը հայտնում էր, որ այս բանկի շնորհիվ Իրանին արդեն հաջողվել էր շրջանցել ՄԱԿ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները։

No comments: