Saturday, May 21, 2011

ԹՈՒՐՔԱՄԵՏ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԻ ԱՇԱԿԵՐՏԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ

«ԱԶԳ, 20-05-201- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածություն է առաջ քաշել ի դեմս Ջոն Հեֆֆերնի: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Հեֆֆերնը ներկայումս զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ մինչ այդ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը:
Ըստ Հեֆֆերնի պաշտոնական կենսագրության, նա իր գործունեության ընթացքում առավելապես աշխատել է Արեւելյան Ասիայում` պաշտոնավարելով Մալայզիայում, Ճապոնիայում, Չինաստանում եւ Ինդոնեզիայում: Դիվանագիտական կարիերան սկսել է 1982-ից:
Տարբեր պաշտոններ զբաղեցնելով Չինաստանում, Տայվանում եւ այլուր, որոշ ժամանակ անց վերադարձել է Վաշինգտոն եւ ապա աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովումՙ կոնգրեսական Բիրեյտրի մոտ որպես Փիրսընի հիմնադրամի ուսանող: Հետագա կարիերան զարգացել է արդեն Ճապոնիայում ԱՄՆ դեսպանատանը պաշտոնավարմամբ, ապա նաեւ Ինդոնեզիայում, որից հետո արդեն 2009-ից դարձել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ:
Հայկական համատեքստում, իհարկե, նախ հետաքրքրական է, որ Հայաստանում նշանակում է ստանում ասիական հարցերով մասնագիտացած դիվանագետ, սակայն առավել հետաքրքրական է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հեֆֆերնի փորձառության եռամյա շրջանը, երբ նա աշխատել է որպես կոնգրեսական Բիրեյտրի օգնական: Բիրեյտրը հայտնի թուրքամետ կոնգրեսական է եղելՙ իր երկարաձիգ պաշտոնավարության ընթացքում դեմ արտահայտվելով ու նաեւ քվեարկելով Հայոց ցեղասպանության` Կոնգրեսի տարբեր մակարդակներում քվեարկության դրված օրինագծերին:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչն իր եռամյա դիվանագիտական առաքելությունը կավարտի հունիսին, որից հետո, վերադառնալով Վաշինգտոն, կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի` Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով օգնականի պաշտոնը:


Թուրքիայի ԶՈՒ շտաբի պետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին «հայրենասեր» է անվանել

No comments: