Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, «Հայաստան. Մի ժողովրդի ճակատագիր» խորագրով գիտաժողովը բացել է ռումինական Ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Դան Բերինդեյը , հյուրերին ողջունել եւ ներկայացրել է սենատոր, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը : Պատմաբան, վերջերս անգլերենով լույս տեսած «Հայոց ցեղասպանություն. Ամբողջական պատմություն» ստվարածավալ աշխատության հեղինակ Ռեյմոն Գեւորգյանը «Հայոց ցեղասպանություն. Ոչնչացում երկու փուլով, 1915-1916» զեկույցում անդրադարձել է հայերի արտաքսման եւ վերացման երիտթուրքական կառավարության հետեւողական քաղաքականությանը: Թուրք պատմաբան Թաներ Աքչամն իր «Ժխտողականությունը որպես ազգային անվտանգության հղացք» զեկույցի մեջ մեկնաբանել է արդի թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ դրա բացասական հետեւանքները ներքին եւ արտաքին առումով:
Նույն օրըՙ կեսօրին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հրավիրվել են ռումինական TVR Info հեռուստակայան, ուր մոտ կեսժամանոց ուղիղ հաղորդման մեջ խոսել են ցեղասպանության իրականացման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հաղորդումից առաջ ցուցադրվել է հեռուստատեսության պատրաստած փաստագրական նյութ Հայոց ցեղասպանության մասին:
Մայիսի 27-ին Թաներ Աքչամը եւ Ռեյմոն Գեւորգյանը հանդիպել են նաեւ Բուխարեստի համալսարանի պատմության ֆակուլտետի դասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Կեսօրից հետո Բուխարեստի Ռումինական գյուղի թանգարանում տեղի է ունեցել Թաներ Աքչամի «Ամոթալի ակտ. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» գրքի ռումիներեն թարգմանության ներկայացումը:
Հայոց ցեղասպանության եւ թուրքական ժխտողականության վերաբերյալ միջոցառումները կազմակերպվել էին Ռումինահայոց միության եւ Ռումինահայոց թեմի ջանքերով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment