Wednesday, June 22, 2011

Սերժ Սարգսյանին հարցրել են մարտի 1-ի մասին

«Լրագիր» 22-6-2011- ԵԽԽՎ նստաշրջանում պատգամավորներն այսօր Սերժ Սարգսյանի ելույթից հետո նրան հարցեր են ուղղել: Մասնավորապես հարց է ուղղվել մարտի 1-ի գործի քննության մասին, այն մասին, որ քննությունը դեռ չի ավարտվել եւ արդյունքներ չկան:
“Քննությունը չի ավարտվել շատ պարզ պատճառով: Որովհետեւ բոլոր մեղավորները դեռեւս չեն հայտնաբերվել: Թե ինչու չեն հայտնաբերվել, սա բավական մեծ եւ հիմքային պատճառներ ունի, կարծում եմ շատերի համար նաեւ հասկանալի: Ինչ վերաբերում է մեր մասնագետների մասնագիտական պատրաստվածությանը, ապա ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում եւս կան եւ լավ մասնագետներ, եւ միջակ մասնագետներ, եւ վատ մասնագետներ: Մենք այս գործում ներգրավել ենք մեր լավագույն մասնագետներին, եւ շատ աշխատանք է կատարվել”, ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ դիմել են փորձագիտական օգնության համար բոլոր երկրներին, եւ մարդու իրավունքի հանձնակատար Համմարբերգը միակն է եղել, ըստ Սերժ Սարգսյանի, որ այդ հարցում օգնություն է ցուցաբերել փորձագետով:

Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ վերջերս հանձնարարություն է տվել քննչական մարմիններին “ավելի հանգամանորեն, ավելի սկզբունքային եւ ավելի մանրակրկիտ անդրադառնան այս գործին”: “Եվ հուսով եմ, որ քննչական խումբն իր բոլոր հնարավորությունները կօգտագործի բոլոր հանցագործությունները բացահայտելու համար”, հայտարարել է Սերժ Սարգսյանը:

No comments: