Ք.Մելքոնյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության և քրիստոնեական դավանանքի ազատության մասին բանաձևերը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին կարող էին ներկայացվել դեռևս այս տարվա ապրիլին, սակայն, ըստ նրա, հավանական է, որ «ԱՄՆ-ում սպասում էին Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներին»:
Թուրքագետը գտնում է, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հավանականութունը քիչ է և ասել է հետևյալը. «Այս բանաձևի ընդունման պահը չի հասունացել»: Միևնույն ժամանակ կարծում է, որ այս հարցը «հարկավոր է անընդհատ պահել օրակարգում»:
Սակայն նա նշեց, որ մեծ է դավանանքի ազատության մասին բանաձևի ընդունման հավանականությունը: Վերջինս ասաց, որ այս բանաձևի հեղինակներն են «Հանրապետական« Էդ Ռոյսը և «Դեմոկրատ» Հովարդ Բերմանը և հավելեց, որ այս բանաձևը Ներկայացուցիչների պալատում «մեծ» հավանություն է ստացել:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այս բանաձևերի առաջ գալու հանգամանքը փորձագետը պայմանավորում է Թուրքիայի ագրեսիվ քաղաքականություն հետ, որը, ըստ նրա, հավակնում է ստանձնել մահմեդական աշխարհի առաջատարի դերը: «Այս բանաձևերով ԱՄՆ-ն ուզում է ցույց տալ Թուրքիային, որ ինքը ևս ունի թույլ տեղեր»,- ընդգծեց թուրքագետը:
Ասաց նաև, որ ԱՄՆ-ի թուրքական համայնքը այս բանաձևերի նկատմամբ որևէ լուրջ արձագանք չի դրսևորել և հավելեց, որ միակ նշանակալի քայլը եղել է համայնքի ներկայացուցիչների հանդիպումը «Դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Նենսի Փելոսիի հետ, որի արդյունքում «թուրքերը հույս ունեին ինչ-որ բան փոխել»:
Նշեց, որ դավանանքի ազատության մասին բանաձևը չի կրող համարվել իբրև միջամտություն Թուրքիայի ներքին խնդիրներին և հավելեց, որ կրոնական ազատությունները ամրագրված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներում, ինչպես նաև ամրագրված են «Լոզանի» պայմանագրով, որոնց տակ Թուրքիան դրել է իր ստորագրությունը:
Նա շեշտեց, որ դավանանքի ազատության մասին բանաձևը վերաբերում է ոչ միայն հայերին, այլ նաև հույներին և ասորիներին և հավելեց, որ այս բանաձևի ի հայտ գալու գործում մեծ է նաև այդ համայնքների լոբբիի դերակատարությունը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս բանաձևը ԱՄՆ-ի յուրատեսակ խանդի տեսարան է ռուս- թուրքական հարբերությունների մերձեցման պարագայում, փորձագետը պատասխանեց, որ այդ տարբերակը քիչ հավանական է, քանի որ Արևմուտքը միշտ էլ հասկանում էր, որ, մեծ հաշվով, Թուրքիան և Ռուսաստանը այս տարածաշրջանում դարավոր մրցակիցներ են և հավելեց, որ, բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Թուրքիան ցանկանում է դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հանգույց, ինչը չի կարող չանհանդստացնել Ռուսաստանին:
Հիշեցնենք, որ օրինագծի հեղինակները կոչ են արել Անկարային օրինական ճանապարհով վերադարձնել հայերից, հույներից, ասորիներից և այլ քրիստոնյա համայնքներից բռնագրավված եկեղեցիները: Օրինագիծը կոչ է անում Թուրքիային «հարգել միջազգային պայմանագրերով և մարդու իրավունքների վերաբերյալ ստանձնած իր պարտականությունները և վերջ տալ կրոնական խտրականություններին»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment