
Ինչպես գրում է «Զամանը», այդ տեղեկություններն ի հայտ են եկել «Էրգենեքոնի» գործով անցնող պաշտոնաթող գնդապետ Լևենթ Գյոքթաշի գրասենյակի խուզարկության ժամանակ։ Հայտնաբերված խտասկավառակում տեղ գտած փաստաթղթերից մեկում, որի տակ առկա է այդ ժամանակաշրջանի Զինված ուժերի հետախուզության վարչության պետ, գնդապետ Թուրգութ Աքի ստորագրությունը, նշվում է, որ 2007թ. Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների ողջ գործընթացը վերահսկվել է այդ շրջանում Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Իլքեր Բաշբուղի (2008-2010թթ. զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը,– Tert.am) կողմից։ Բաշբուղն իր խորհրդական Նուրան Յըլդըզին նախագահական ընտրությունների ժամանակ ուղարկել է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մոտ և կոնկրետ հանձնարարականներ տվել նրանց։
Բաշբուղն իր խորհրդականի միջոցով Ժողովրդա–հանրապետական, «Մայր հայրենիք» և «Ճշմարիտ ուղի» կուսակցությունների առաջնորդներին հորդորել է բոյկոտել նախագահական ընտրությունները՝ տալով հետևյալ խոստումը. «Մենք խոսել ենք Սահմանադրական դատարանի հետ։
Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը փակվելու է։ Իսկ եթե հանկարծ Էրդողանը-Գյուլ-Արընչ (Բյուլենթ Արընչ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ, ներկայում զբաղեցնում է փոխվարչապետի պաշտոնը) եռյակից որևէ մեկն ընտրվի, զինված ուժերը կմիջամտեն գործընթացին։ Խոստանում ենք ձևավորել նոր կարգ»։
«Զամանի» այդ հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես է եկել ԶՈւ գլխավոր շտաբը։
Հայտարարությունում նշվում է, որ իրականացված ուսումնասիրության արդյունքում որևէ փաստաթուղթ, տեղեկություն կամ ձայնագրություն չի հայտնաբերվել, որը կհաստատեր «Զաման» օրաթերթի հրապարակած տեղեկությունների իսկությունը։
Հիշեցնենք, որ 2007թ. Թուրքիայի ներքաղաքական կյանքում լուրջ ճգնաժամ էր առաջ եկել այն բանի պատճառով, որ խորհրդարանը չէր կարողանում ընտրել նախագահ։ Արդյունքում խորհրդարանը ցրվեց և 2007թ. հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում ձայների բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը: Եվ միայն նոր գումարման խորհրդարանում հաջողվեց ընտրել 11-րդ նախագահին։
Նախագահական ընտրությունների գործընթացին ակտիվ կերպով միջամտում էր Զինված ուժերի գլխավոր շտաբը։ Այն ժամանակ, երբ խորհրդարանում ընթանում էին նախագահական ընտրությունները Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հանդես եկավ Էրդողանի կառավարությանն ուղղված զգուշացում–հայտարարությամբ (Թուրքիայի պատմության մեջ այն հայտնի է որպես ապրիլի 27-ի հայտարարություն,– Tert.am)։ Հայտարարությունում նշվում էր, որ ընտրությունների գործընթացում քննարկման առարկա է դարձել աշխարհիկության սկզբունքը. «Թուրքիայի Զինված ուժերն անհանգստություն է հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Սակայն չպետք է մոռանալ, որ ԶՈւ-ն նման քննարկումներում հանդիսանում է աշխարհիկության կողմնակիցն ու պաշտպանը: Դրանից բացի, ԶՈւ-ն կտրականապես դեմ է այդ քննարկումներին ու բացասական ուղղվածություն ունեցող մեկնաբանություններին և անհրաժեշտության դեպքում ի ցույց կդնի իր գործելաոճը, ինչի համար թող ոչ ոք կասկած չունենա»,- նշվում էր ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ: Նշենք նաև, որ Թուրքիայում նասխագահական և խորհրդարանական ընտրություններից հետո 2008 թ. մարտին Սահմանադրական դատարանը ընդունել էր Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրրահման Յալչընքայայի՝ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը փակելու պահանջով ներկայացրած հայցը: Գլխավոր դատախազն իր հայցադիմումում իշխող կուսակցությանը մեղադրում էր պետության աշխարհիկ կարգերին հակասող գործունեության մեջ:
Դատախազի ներկայացրած հայցադիմումում պահանջվում էր նաև կասեցնել 71 գործիչների, այդ թվում` երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական գործունեությունը: Սակայն ՍԴ–ն չէր բավարարել իշխող կուսակցության գործունեությունը կասեցնելու պահանջով ներկայացված հայցը: ՍԴ 11 անդամներից 6-ը «կողմ», 5-ը՝ «դեմ» էր քվեարկել հայցի բավարարմանը:
No comments:
Post a Comment