Sunday, June 5, 2011

Սփյուռքի կարծիքը կարող է կարեւոր լինել

«Լրագիր» 3-6-2011- Վերջին շաբաթվա ընթացքում Երևանում տեղի են ունեցել համահայկական մասշտաբի մի քանի ֆորումներ:
Կայացել է 2015 թ հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը: Այնուհետև Սփյուռքից ժամանած հյուրերը հրավիրեցին Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ և որոշեցին մարաթոնից ստացված միջոցները նույնպես ուղղել Ղարաբաղի ջրամատակարարման վրա:
Դրանից հետո կայացավ 3 ավանդական կուսակցությունների` Հնչակյան, Դաշնակցություն, Ռամկավար, առաջնորդների հանդիպումը: Միջոցառումների շրջանակում Հայաստան ժամանեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ով հայտարարեց, որ Էջմիածինը և Հայաստանը պատկանում են ողջ հայ ժողովրդին:

Հատկանշական է, որ բոլոր այս մասշտաբային հանդիպումները չընկալվեցին որպես ակտուալ տեղեկատվական առիթներ: Հնարավոր է, որ հրապարակային ռեժիմում չեն քննարկվել էական ազգային նշանակության հարցեր: Միակ բացառությունը, թերևս, դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար Պերճ Սեդրակյանի հանդիպումը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, որի արդյունքում հայտարարվեց, որ սփյուռքը կաջակցի Հայաստանի բանակաշինությանը:
Հայաստանի ու սփյուռքի միջև հակասություններն ակտուալ դարձան հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Սփյուռքը սվիններով ընդունեց այդ մտադրությունը, և շատ ջանքեր պահանջվեցին հակասությունները հարթելու համար:
Այդ հարցում Սփյուռքի հավակնոտ դիրքորոշումը հասկանալի էր ու հիմնավորված` այն չէր կարող համաձայնվել, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները: Սփյուռքի դիրքորոշումը խաղաց իր դերը` թուրքական ղեկավարությունը մինչ այժմ պնդում է, որ Հայաստանը չպետք է լսի սփյուռքին:
Սակայն հայ ժողովրդի համար այժմ ակտուալ է մեկ այլ ցավոտ հարց` Ղարաբաղը: Ինչպե՞ս է սփյուռքը վերաբերվում միջնորդների կողմից առաջարկված կարգավորման նախագծին, որը ենթադրում է հայկական զորքերի դուրսբերում ներկայիս Ղարաբաղի մի մասից և ինչ-որ միջանկյալ կարգավիճակի հաստատումը:

Քննարկվե՞լ է արդյոք այս հարցը համահայկական ֆորումների ժամանակ և արդյոք սփյուռքը ճնշում կգործադրի Սերժ Սարգսյանի վրա` պարտվողական պայմանները չընդունելու պահանջով:

Կա ևս մեկ կարևորագույն ազգային հարց` Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները: Իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն է սկսվում, իշխանությունը բարեփոխական ճիգեր է ձեռնարկում` փորձելով երկիրը դուրս բերել ճգնաժամից, ինչպես նաև գրեթե սպառվել են արտասահմանյան ներդրումները: Ինչ-որ կերպ սփյուռքը մասնակցո՞ւմ է այդ գործընթացներին: Չէ որ Հայաստանի և հայ ժողովրդի ապագան կախված է դրանից ոչ պակաս, քան հայ-թուրքական հարաբերություններից:

Սփյուռքը, իհարկե, պարտավոր չէ Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնել ու մշտապես աջակցել նրա ճիշտ ու սխալ քայլերին, սակայն ակնհայտ է, որ նրա կարծիքը կարող է կարևոր լինել Հայաստանի ղեկավարության համար, որը մասամբ կողմնորշվում է այլ ուժերի ազդեցությամբ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: