«Լրագիր» 1-6-2011- Երեկ ՀԱԿ հանրահավաքում Լևոն Տեր-Պետորսյանի խոսքում հետաքրքիր միտք հնչեց: Պատասխանելով “մեղադրանքներին”, որ Կոնգրեսը չի գնում անժամկետ ակցիաներով իշխանափոխության, Տեր-Պետրոսյանը նշել է, որ Կոնգրեսը ազարտային խաղեր չի խաղում: Բացի այդ, “իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռեւս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել”։ Երևի, դա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր ուղերձներից մեկն էր: Ինչ նկատի ունի առաջին նախագահը, պնդելով, որ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը չի հասել կոնդիցիայի: Վերջիվերջո, քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը որոշ չափով զսպվել ու արգելակվել է հենց Կոնգրեսի ղեկավարության կողմից: Հիշենք թեկուզ Կոնգրեսի նախկին հանրահավաքը, երբ ղեկավարությունը ստիպված էր անժամկետ ակցիա պահանջող մարդկանց համոզել տուն գնալ:
Նման պայմաններում, որտեղի՞ց քաղաքական ակտիվություն: Եվ հենց այդ հարցն են շատերը տվել իրենց, ով լսել է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Եթե ինքներդ եք զսպել քաղաքական ակտիվությունը, ինչո՞ւ հղում կատարել դրան` արդարացնելով առավել արմատական գործողություններից հրաժարվելը:
Կա հարցի երկրորդ կողմը: Խոսելով այն մասին, որ հասարակությունը կոնդիցիայի չի հասել, Լևոն Տեր-Պետրոսյանը, հնարավոր է, նկատի ուներ ոչ միայն քաղաքացիներին, այլև սեփական թիմին:
Չէ որ իշխանության կտրուկ փոփոխությունը ենթադրում է կադրային ամբողջական ռոտացիա: Արդյոք Տեր-Պետրոսյանի թիմում բավականաչափ մարդիկ կան նման ռոտացիա իրականացնելու համար: Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե ինչ է մտածում Տեր-Պետրոսյանը դրա մասին: Իսկ արտահերթ ընտրություններն իշխանության մասնակի փոփոխություն է:
Մենք օրակարգ կառաջարկենք, որում միայն մեկ հարց կլինի` արտահերթ ընտրություններ, ասել է Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, որ իշխանությունը նույնպես իրավունք ունի իր օրակարգն առաջարկել, և ընդդիմությունը չի կարող արհամարհել այն:
Դա նշանակում է, որ արտահերթ ընտրությունների հարցն արդեն “համաձայնեցված” օրակարգում կարող է փոխվել ինչ-որ այլ բանով: Դա կարող է լինել ինչպես հերթական ընտրությունները, այնպես էլ, օրինակ, կառավարության հրաժարականը, կոալիցիոն կառավարության ձևավորումը, որը կսկսի բարեփոխումները` ընդդիմությանը լայն գործառույթներ տրամադրելով: Ընդհանուր առմամբ, այն ամենը, ինչը կհանգեցնի ոչ թե անձերի փոփոխությանը, այլ քաղաքականության որոշակի փոփոխության:
Այս խոսքով, իշխանության նման փոփոխությունը չի ենթադրում քաղաքական ասպարեզից ներկայիս դերակատարների հեռացում, այլ ընդամենը` դիմակների փոփոխություն:
Այն, որ Սերժ Սարգսյանը դեմ չէ փոխել քաղաքական պլատֆորմը, արդեն հայտարարվել է: Մայիսի 28-ի ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նրանք, ովքեր կարծում են, որ ազգային շահերը հակասում են անհատի առանձին շահերին, սխալվում են: Նա քաղաքացիական գաղափարներ է հնչեցրել, և դա խոսում է այն մասին, որ ինչ-որ պահի Սարգսյանը կարող է հրաժարվել ՀՀԿ պլատֆորմից, որը մինչ այժմ էթնոազգայնականություն է քարոզել: Սերժ Սարգսյանին առավել լիբերալ պլատֆորմ անհրաժեշտ կլինի:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment