Wednesday, June 1, 2011

Իրանի փոխնախագահ. Կասպից ծովն ամենաշատը աղտոտում է Ադրբեջանը

Panorama.am. 1-6-2011- Ամենաշատն Ադրբեջանն է նավթի արդյունահանման հետևանքով աղտոտում Կասպից ծովը և անուշադրության մատնում շրջակա միջավայրի պահպանության խնդիրները:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` նշել է Իրանի փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադզադեն:
«Ղազախստանում կայանալիք Կասպից ծովին նվիրված հերթական նիստի ընթացքում անհրաժեշտ է լուրջ քննարկումներ անցկացնել, որպեսզի լուրջ ուշադրություն դարձվի ծովի էկոլոգիայի պահպանությանը»,-նշել է Մոհամմադզադեն:
Հիշեցնենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Կասպից ծովի էկոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռեզա Փուրղոլամը նշել է, որ Կասպից ծովն ամենաշատը աղտոտվում է մերձկասպյան 3 երկրների` Ադրբեջանի, Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, որտեղ կենտրոնացված է ծովի հիմնական նավթարդյունաբերությունը:

Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

No comments: