Wednesday, June 1, 2011

Ոչ ոք թող չմտածի, թե Թուրքիան Իսրայելի հետ նախկին հարաբերություններին կվերադառնա. Դավութօղլու

News.am. 1-6-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերով կրկին անդրադարձել է Իսրայելի հետ հարաբերությունների խնդրին։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն հեռուստահաղորդման ժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ամեն ինչ փոփոխվում է։ «Այսօրվա Եգիպտոսը նման չէ նախորդ տարվա Եգիպտոսին։ Բոլորս այս համատեքստում պետք է նայենք զարգացումներին։ Անհրաժեշտ է, որ Գազա ուղեւորվող օգնությունները տեղ հասնեն եւ վերանա Գազայի շրջափակումը»,-նշել է Դավութօղլուն։

Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, թե Իսրայելը նախորդ տարի մարդկության դեմ հանցանք է գործել։ «Ոչ ոքի մտքով թող չանցնի, թե մինչեւ Իսրայելը ներողություն չխնդրի եւ փոխհատուցում չվճարի, թուրք-իսրայելական հարաբերությունները կվերադառնան նախկին վիճակին։ Դա մեր քաղաքացիների պաշտպանության համար մի պայման է։ Իսրայելը մի քանի անգամ այս ուղղությամբ քայլեր կատարեց, սակայն երկրի ներսի քննարկումներն արգելք հանդիսացան դրան»,-նշել է Դավութօղլուն։

Նշենք, որ Դավութօղլուն արդեն մի քանի անգամ հայտարարել է, թե Թուրքիան արգելք չի հանդիսանա Գազայի հատված երկրորդ նավարկության պատրաստվող «Մավի Մարմարա»-ին։

Հիշեցնենք, որ2010-ի մայիսի 31-ին Իսրայելական զինված ուժերը գրոհով վերցրել են Գազայի հատված օգնություն տանող թուրքական նավեր։

Գործողությունների ընթացքում «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել էր Թուրքիայի 8 քաղաքացի եւ ազգությամբ թուրք 1 ԱՄՆ քաղաքացի։

No comments: