Thursday, June 30, 2011

Առաջին դեմքերի օբյեկտները

«Լրագիր» 30-6-2011- Հայաստանի իշխանությունում շատ հետաքրքիր մի պրոցես է կարծես թե սկսվել: Իշխանության առաջին դեմքերն իրարից ուսանողներ են փախցնում: Օրինակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ազգային Ժողովում ընդունել է տնտեսագիտական համալսարանի գերազանցիկ ուսանողներին ու ասել, որ իշխանությունը գնահատում է գիտելիքը: Հովիկ Աբրահամյանը տնտեսագիտական համալսարանի Խորհրդի նախագահն է: Այսինքն, նա իր մի օբյեկտի այցելուներին տարել է մյուս օբյեկտը ցույց տալու:
Մինչդեռ երեւի ավելի տրամաբանական կլիներ, որ ասենք տնտեսագիտական համալսարանի գերազանցիկներին իր օբյեկտը տաներ Տիգրան Սարգսյանը, որովհետեւ տնտեսական քաղաքականության հիմնական “դարբնոցը” կառավարությունն է եւ գուցե ուսանողները մի քանի լավ խորհուրդ տային, թե ինչպես անել, որ տնտեսությունը դուրս գա ճգնաժամից:
Բայց, Տիգրան Սարգսյանը մանկավարժական օբյեկտի` այսինքն մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահն է, հետեւաբար նա կառավարություն, այսինքն իր օբյեկտ կարող է տանել մանկավարժական համալսարանի ուսանողներին, առավել եւս, որ կառավարությունում ավելի շատ դասախոսական, ուսուցչական գործառույթներն են արդիական, քան տնտեսական պրակտիկ քաղաքականության:
Ինչու պետք է Հովիկ Աբրահամյանն իր օբյեկտցիներին տա Տիգրան Սարգսյանին: Ինքն ինչ պակաս կարող է գիտելիք գովերգել: Հետո ինչ, որ մի օր ազնվություն է ունեցել խոստովանելու, որ քաղաքականության մեջ խելք պետք չէ: Ինքը տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հո քաղաքականություն չի հրավիրել: Հրավիրել է Ազգային Ժողով: Իսկ քաղաքականությունն ու Ազգային Ժողովը տարբեր բաներ են:

No comments: