Tuesday, June 21, 2011

Մերոնք ԵԽԽՎ–ում այլևս չեն պատասխանի ադրբեջանցիներին

Tert.am. 20-6-2011- Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկին Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցելու ԵԽԽՎ–ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին, որոնք ծրագրված էր սկսել այս նստաշրջանում։ Այս մասին Ստրասբուրգից Tert.am–ին տեղեկացրեց ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Դավիթ Հարությունյանը որպես բարի կամքի դրսևորում հայտարարել է մորատորիում՝ չպատասխանելու ադրբեջանական պատվիրակության անդամների հայտարարություններին։
«Հայկական պատվիրակությունը երեկ՝ մինչ նստաշրջանի մեկնարկը քնննարկել էր այս հարցը։ Ես անձամբ բավական ելույթներ ունեի և պետք է պահանջեի փորձաքննության ենթարկել ադրբեջանական դասագրքերը, բայց քանի որ նման որոշում ընդունվեց, ես այս նստաշրջանում այդ ելույթները փոխարինելու եմ այլ ելույթներով»,– ասաց Զոհրաբյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ հայկական պատվիրակության հայտարարությունը չի զսպի ադրբեջանցիներին։ «Եվ ես ճիշտ էի, որովհետև Դավիթ Հարությունյանի ելույթից 2,5 րոպե հետո ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը կրկին հանդես եկավ անհեթեթ հայտարարություններով՝ փախստականների, 20 տոկոս գրավյալ տարածքների մասին։ Հասկանալի է, որ սա լինելու է միակողմանի մորատորիում»,– ասաց պատգամավորը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենք դեռ չգիտեն՝ որքան կտևի հայկական պատվիրակության հայտարարած մորատորիումը, բայց արդեն իսկ պարզ է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները դրական չեն ընդունել իրենց քայլը և հանդես են գալիս «նույն ոճով ու լեքսիկոնով և դեռ մեղադրում են հայկական պատվիրակությանը երկխոսության ձախողման մեջ, որը, ըստ նրանց, կարող էր տեղի ունենալ ԼՂ հարցով ենթահանձնաժողովում»։

No comments: