Monday, June 20, 2011

Սերժ Սարգսյանը փորձում է ջնջել ՀԱԿ-ին

Մեր զրուցակիցն է ԼՂՀ խորհրդարանի նախկին պատգամավոր, փորձագետ Գեղամ Բաղդասարյանը
-Հունիսի 17-ի իր ելույթում Սերժ Սարգսյանը, խոսելով երկխոսության թեմային շուրջ, նշել է, որ եթե ընդդիմությանը միայն ընտրություններն են հետաքրքրում, ապա ԱԺ նախագահը պատրաստ է ընդունել, քննարկել, եթե տնտեսական հարցերը, ապա` վարչապետը: Ըստ էության, այն ֆորմատով, ինչպես ՀԱԿ-ն էր առաջարկում, երկխոսություն չի լինելու: ՀԱԿ-ն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որ Սերժ Սարգսյանի ելույթում անհստակություններ կան, ուստի նպատակահարմար է համարում իր կառույցներում քննարկելուց հետո պատասխան տալ: Գեղամ, ըստ Ձեզ, ի՞նչ իրավիճակ է ստեղծվել:
-Ըստ իս, նախագահի այս հայտարարությունն անսպասելի չէր: Եթե վերլուծենք դրան նախորդած վերջին օրերի կամ շաբաթների մեկնաբանությունները, տարբեր ճամբարների կարծիքները, արդեն ենթադրվում էր, որ Սերժ Սարգսյանը հարցն այսպես կդներ: Անկեղծ ասած, չէի ենթադրում, որ ՀԱԿ-ի հայտարարությունն այդքան արագ ու ոչ ըստ էության կլիներ։ Որքան հասկանում եմ՝ այդպես է արվել ժամանակ շահելու և վերլուծելու, մարսելու համար: Սա ինձ ստիպում է ենթադրել, որ ՀԱԿ-ի համար անսպասելի էր նման հայտարարությունը: Բնականաբար, ՀԱԿ-ը պետք է դժգոհ լիներ նման մեկնաբանությունից, որովհետև այն բոլոր կարծիքները, որ հնչել էին մինչ այդ ՀԱԿ-ի կողմից և այն բոլոր ակնկալիքները, որ հրապարակային էին դարձել, փաստում են, որ ՀԱԿ-ում այլ պատասխան, այլ տոն, այլ հոգեբանություն էին սպասում: Կարծում եմ` ՀԱԿ-ը չի բավարարվի համագործակցության շարունակման համար առաջարկված հնարավորության նման մակարդակից:

-Ըստ էության, Սերժ Սարգսյանի նման պատասխանից հետո կարո՞ղ ենք համարել երկխոսությունը ձախողված:
-Այստեղ երկու շատ կարևոր հանգամանք կառանձնացնեի և ուշադրություն կսևեռեի դրանց վրա. կա տերմինաբանական, ինչպես նաև քաղաքական բովանդակություն ունեցող խնդիր` խոսքը “երկխոսությանն” է վերաբերում: Սերժ Սարգսյանը ընդգծեց այդ նրբերանգը, ընդգծելով, որ սա երկխոսություն է, որը սկսել է իշխանությունը (այդպես է թե ոչ՝ դա չէ կարևորը տվյալ պարագայում), և որ խոսք չի կարող լինել բանակցությունների մասին: Կշեռքի նժարին դրված է երկու երևույթ` երկխոսություն և բանակցություն: Սրանք ամենևին եզրաբանական խնդիրներ չեն, այլ ունեն ընդգծված քաղաքական ենթատեքստ ու բովանդակություն: Սերժ Սարգսյանը ծանրացրեց երկխոսության նժարը ոչ պատահականորեն` նկատի ունենալով իր և իշխանության շահերը: ՀԱԿ-ին ձեռնտու չէ երկխոսությունն այն իմաստով, ինչ իմաստով ընկալում է իշխանությունը: ՀԱԿ-ին, ընդհակառակը, անհրաժեշտ է բանակցություն: Երբ բանակցություն է լինում, ավելի ընդգծված և հստակ են դառնում երկու կողմերը: Ավելին, այդ երկու կողմերն ունենում են բևեռային էություն:

Փաստորեն Սերժ Սարգսյանը հասկացրեց, որ ինքն (իշխանությունն) ու ՀԱԿ-ը բևեռներ չեն, որ բևեռը միայն ինքն է (իշխանությունը): Այս երկխոսություն-բանակցություն բառախաղ-մրցակցության հիմնական տարբերությունը սա էր: Ինչպես Ռուսաստանը գերտերությունից դարձավ սովորական զորեղ երկիր, այնպես էլ երկխոսության դաշտ բերելով` Սերժ Սարգսյանը փորձում է ջնջել ՀԱԿ-ին որպես «գերտերություն», որպես գերազդեցիկ ուժ Հայաստանի քաղաքական դաշտում`ձգտելով դարձնել սովորական քաղաքական ուժ մյուս քաղաքական ուժերի՝ Ժառանգության, Դաշնակցության և այլոց կողքին: Նախագահն ըստ էության ասաց` դուք մյուսների հետ միասին և մյուսների հետ հավասար կարող եք մասնակցել երկրի քաղաքական կյանքին: Ո՞րն է, ըստ իս, տարբերությունը՝ երբ դու բանակցում ես, դու արդեն երկիրը բաժանում ես երկու բևեռի` կա իշխանություն և կա ՀԱԿ, և ուրիշ ոչինչ չկա: Սերժ Սարգսյանը այսպիսով հուշեց, որ ոչ՝ ուրիշներն էլ կան: Ուշադրություն դարձրեք՝ արտահերթ ընտրությունների մասին կարելի է բանակցել, բայց ոչ երկխոսել: Երկխոսության թեման, ինչպես Սերժ Սարգսյանը շեշտեց, կարող են լինել ներքաղաքական, ներտնտեսական, ներպետական հարցերը, մինչդեռ բանակցություն նշանակում է երկու հակադիր ու հավասարազոր ուժերի առկայություն: Սա է, ըստ իս, այս տերմինաբանական վեճի էությունը։

-ՀԱԿ-ը ի սկզբանե պետք է դներ բանակցությա՞ն թեման:
-Միանշանակ: Գնալով երկխոսության` ՀԱԿ-ն ինքն իրեն որպես բանակցող կողմ ջնջեց: Նման ձևով երկխոսության գնալը փոխեց նաև հանության մի կարևոր շերտի վերաբերմունքը ՀԱԿ-ի նկատմամբ: Կար մի զգալի շերտ, որ ակտիվ մասնակցություն չուներ ՀԱԿ-ի գործունեությանը, բայց կողքից համակրանքով հետևում էր: Հանրության մի զգալի շերտ, ըստ իս, հիասթափվեց ՀԱԿ-ից: Այսօր կա հանրային հստակ գնահատական այդ ամենին. այն է` երկու կողմում էլ գործում է ավտորիտար համակարգ: Սա շատ սկզբունքային և տեղին գնահատական էր այս ամենին: Ի վերջո՝ ավտորիտար հոգեբանությամբ հնարավոր չէ պայքարել ավտորիտարիզմի դեմ: Առաջին հերթին ՀԱԿ-ի ներսում պետք է նոր, ոչ ավտորիտար համակարգ ստեղծվեր, և միայն դրանից հետո ՀԱԿ-ը կարող էր լուրջ մարտահրավեր նետել իշխանությանը և ակնկալել հանրության լայն շերտերի աջակցությունը: Մինչդեռ ստացվեց երկու ավտորիտար համակարգերի երկխոսություն:

-2008-ից հետո ՀԱԿ-ը հստակ բնորոշում տվեց ՝ ավազակապետություն, և որ ավոտրիատար, քրեաօլիգարխիկ պետությունը պետք է տապալվի, և պետք է գնալ ժողովրդավարական պետություն ստեղծելու ճանապարհով: Ինչո՞վ կբնորոշեք նրա ավտորիտարիզմը:
-Ավտորիտարիզմի բնորոշման մի քանի չափանիշներ կան։ Կոնկրետ այս պարագայում կնշեի նոր մարդկանց, երիտասարդ դեմքերի, երիտասարդ ու թարմ ուղեղների բացակայությունը ՀԱԿ-ի էլիտայում: Կողքից հետևելով, ես տեսնում եմ, թե վերջին շրջանում որքան պայծառ գլուխներ են հայտնվել քաղաքական-քաղաքացիական դաշտում, ձևավորվել է մի երիտասարդ սերունդ` բավականին հասուն քաղաքական ինքնագիտակցությամբ: Ես զարմանում եմ, թե այդ ինչպես է ստացվում, որ քաղաքական դաշտը չի համալրվում քաղաքացիական դաշտի այդ հեռանկարային ռեսուրսով: Սա միայն ՀԱԿ-ին չէ, որ վերաբերում է, թեև առաջին հերթին հենց ՀԱԿ-ին է վերաբերում, որովհետև ՀԱԿ-ն է ամենազդեցիկ քաղաքական ուժը ընդդիմադիր դաշտում: Եվ ընդհանրապես՝ ինձ համար այնքան էլ ընկալելի չէ ՀԱԿ-ի ներսում տիրող հոգեբանությունը, մթնոլորտը, հեռացողների նկատմամբ վերաբերմունքը, առողջ մրցակցության բացակայությունը: Հանուն արդարության պիտի ասել, որ սա ողջ քաղաքական դաշտին հատուկ երևույթ է, բայց դե եթե մի ուժ ուզում է որակական ու համակարգային փոփոխություն մտցնել երկրում, ապա պիտի զերծ լինի դրանից, վեր լինի դրանից։ Հանրությանը, ըստ իս, պիտի առաջարկել և իշխանությանը պարտադրեզ նոր համակարգ, նոր հարաբերություններ, նոր արժեքներ։ Մինչդեռ մենք ականատեսն ենք երկու զորեղ ավտորիտար համակարգերի մենամարտի։ Եվ այս պայքարում հաղթողը, ցանկացած պարգայում, դարձյալ ավտորիտարիզմն է լինլեու՝ եթե այսպես շարունակվի։ ՀԱԿ-ը հրաշալի շանս ուներ և հույս ունեմ, որ դեռ ունի վերջին շանսը` թարմացնելու իր շարքերը, իր գաղափարախոսությունը, իր գործելակերպը, հրաժարվելու ավտորիտարիզմից, ռեսուրսներ փնտրելու քաղաքացիական հասարակությունում, այլապես սա դանդաղ մահ է լինելու այդ լուրջ և ազդեցիկ քաղաքական ուժի համար:

-Շատերը փաստում են, որ այդ քաղաքացիական հասարակության ձևավորմանը հենց ՀԱԿ-ը նպաստեց 2008-ից հետո:
-Համաձայն չեմ: Քաղաքացիական հասարակության կորիզը կար մինչև 2008 թվականը: Հիմա բավականին անկախ համակարգ է գոյացել քաղաքացիական հասարակության հիման վրա, բավականին բազմաշերտ, բավականին բազմաբևեռ, որը միանգամայն անկախ դիրքորոշում ունի: Այսպես թե այնպես՝ քաղաքացիական հասարակության բարեփոխամետ կորիզը միանգամայն անկախ քաղաքականություն է վարում, սա ո'չ ՀԱԿ-ի, ո'չ էլ այլ ուժի ծնունդն է: Ավելին, սա այն հատվածն է, որը նպաստում է անկախ բևեռների կայացմանը հայաստանյան քաղաքական դաշտում: Չգիտեմ, թե քաղաքացիական հասարակության քաղաքականացման ինչ հիմնավորումներ և ինչ ուղիներ կան Հայաստանի պարագայում, չգիտեմ` որքանով է ճիշտ այս գործընթացը, բայց այլ ելք չի մնում, և ինձ թվում է` շատ լուրջ բևեռ պետք է դառնա քաղաքացիական հասարակությունը: Այսօր շատ են խոսում երրորդ ուժի մասին, բայց ինչպես իմ գործընկերներն են ասում` երրորդ ուժի կարիք չկա, կա երկրորդ ուժի կարիք, որը հենց լինելու է քաղաքացիական հասարակությունը: Առաջին ուժը ավտորիտար համակարգն է իր տարբեր դրսևորումներով։ Այսօր կա երկրորդ համակարգի կարիք։

-Այսպիսով ուզում եք ասել` ՀԱԿ-ի դիրքերը թուլացա՞ն, թե՞ պարզապես խաղը բարդացավ:
-Կարծում եմ՝ ՀԱԿ-ի դիրքերը թուլացան հենց ՀԱԿ-ի ներսում: Այն, որ ՀԱԿ-ի դիրքերը թուլացել էին՝ արձանագրվել է նախագահի ոչ թե վերջին ելույթից հետո, այլ ընդհանրապես երկխոսության սկզբից ի վեր:

-Ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ը կոշտ քայլերի, այնուամենայնիվ, կգնա՞, հնարավո՞ր է կտրուկ փոփոխություններ լինեն:
-ՀԱԿ-ը հայտնվել է բավական դժվար, երկիմաստ կացության մեջ: Այսօրվա ՀԱԿ-ը երեկվա ՀԱԿ-ը չէ: Եթե մի քանի օր առաջ տարբեր էր ՀԱԿ-ի համակիրների ոչ միայն թիվը, այլև տրամադրվածությունը և նաև մթնոլորտը, ապա այսօր և’ թիվն է ուրիշ, և’ տրամադրությունը: ՀԱԿ-ն այսօր չի կարող երեկվա ուժի դիրքերից խոսել: Ավելին ասեմ, ՀԱԿ-ի այսօվա ներուժն բավարար է սոսկ երկխոսության, այլ ոչ թե բանակցության համար, բայց դեռ երեկ ՀԱԿ-ը շատ հանգիստ կարող էր գնալ բանակցությունների:

-Գեղամ, վերջին հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը դարձյալ բարձրացրեց Ղարաբաղի հարցը, որ մարտահրավերները շատ են, և պատերազմն էլ սարերի հետևում չէ: Շատերը խոսում են այն մասին, որ Ղարաբաղի հարցը լուծում չունի, Դուք ի՞նչ կասեք:
-Մենք մեզ չգիտես ինչու դրել ենք փակուղու մեջ և պատեպատ ենք խփում: Չգիտեմ` այն լուծումը, որ կա այսօր, կարծես միայն հայկական կողմին պետք է ձեռնտու լինի, բայց այն տպավորությունն է, որ այս լուծումը բոլորին ձեռնտու է, բացի հայկական կողմից, քանի որ միայն հայկական կողմն է ասում՝ Ղարաբաղի հարցին լուծում չկա: Լուծումը մենք ինքներս ենք, մեծ գնով ու զրկանքներով մեր ձեռքբերումներն են և այն բացառիկ հնարավորությունները, որոնք կային և կան, սրանից ավելի չի լինում, մենք պարզապես պիտի օգտագործենք մեր ռեսուրսները: Ուղղակի ողբերգազավեշտ է՝ հայ իրականության մեջ չկա մի քաղաքական ուժ, որ հավատա սեփական ժողովրդի ուժերին, որ ոգևորված և խանդավառված լինի սեփական ժողովրդի ներուժով:
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
«Լրագիր» 20-6-2011

No comments: