Wednesday, June 29, 2011

Էսպես մինչեւ ո՞ւր…

«Լրագիր» 29-6-2011- Բազմերեսանիության բարդույթի մեջ թաղված ճղճիմ քննարկումները երթուղային տաքսիի մեջ միացված ռադիոյի անվերջ աղմուկ են հիշեցնում: Անելանելիությունից հոգնած ու մաշված տեսակը, ապաստան է փնտրում ամենուր, բայց ոչ իր տանը: Տունն ընդհանրապես փիլիսոփայական կատեգորեա է դարձել մարդկային այս գոյության մեջ:
Գաղթականի ու տուն-հայրենիքի մասին, որպես ինչ որ մի վերացական երևույթի մասին խառնիխուռն խոսակցությունների, բաժակաճառի ու պաթոսի տեսքով քննարկվող ինքնությունը մղձավանջային փոխակերպումների փուլում է, որտեղ անհասկանալին հասկանալիից շատ է:
Սովից ու ամենօրյա զայրույթից նվաղող մի ողջ ժողովուրդ, որ ենթագիտակցորեն զգում է վերահաս վտանգը, սերունդների համար լավագույն լուծում է ընտրում ուծացումը: Հաղթանակներ չվայելած, ժողովրդի զարթոնքն արհամարհած, նյութապաշտ ու մորթապաշտ առաջնորդների մի ողջ սերնդի կողմից շարունակ կառավարվող այս ցեղը գոյության ու ճակատագրի կառուցման ուղին կապում է այլոց, և ոչ երբեք իր կարողությունների հետ:
Հավատը կորցրած մարդկային այս ամբոխը, որ շարունակ մսխում է նախնիներից մնացած ժառանգությունը, շարունակ կորցնում է մարդկությանն ու սեփական սերունդներին որևէ նոր բան տալու, պիտանի լինելու հույսը: Սպառողի կարծրացող հոգեբանությունը վարակիչ է դառնում, ինչի արդյունքում արդարացվում է մարդկության պատմությանը հայտնի յուրաքանչյուր հանցանք ու անբարո պահվածք: Արժեքային ճգնաժամն ահագնացել է այնքան, որ մի ողջ ժառանգություն ինքնաոչնչացման ուղիով է գնում:
Չվստահելու ու չհասկանալու, միմյանց հետ, բայց իրականում իրար դեմ խոսելու ու գործելու, միով բանիվը` մեկ ազգ մեկ մշակույթ դարձնելու, անկիրթ ու անհեթեթ մի վիճակ, երբ օրահացի խնդիրն անլուծելի մի երազանք է թվում, էլ ուր մնաց մարդու ազատ ապրելու կարողությունը:
Իրականությունից կտրված կառավարողների այս սերունդը սպառել է վստահության իր ռեսուրսը և ուրեմն ժամանակն է հրաժարվել գործող առաջատարի դերից, իսկ կարևոր փորձը, որ կուտակել է տարիների, մարդկանց ճակատագրերի, փորձարկումների, առանձին կարողությունների և տաղանդների արդյունքում, պիտի գտնի իր արժանի տեղը: Բայց որպեսզի այն գնահատվի ըստ արժանվույն` ապաշխարել է պետք: Ու քանի դեռ անկեղծ խոստովանությունների ու գնահատականների բացակայությունների շուրջ պատճառաբանություններն ընդունելի են` արագ ընթացքը դեպի մայրամուտ անխուսափելի է լինելու:
Արսեն Խառատյան, 29 հունիսի, 2011

No comments: