Saturday, June 18, 2011

Ովքե՞ր են “շփոթված ուժերը”

«Լրագիր» 17-6-2011- “Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության նախաձեռնությունն էլ մերն է: Մենք ենք սկսել այդ գործընթացը, և դա եղել է ոչ թե որևէ կողմից ճնշման հետևանք, ինչպես փորձում են ներկայացնել այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր, այլ ուղղակի արդյունքն է մեր խորը գիտակցված համոզմունքի”, ներքաղաքական երկխոսության մասին իր ելույթում ասում է Սերժ Սարգսյանը:
Ում նկատի ունի նա, ասելով “այդ երկխոսությունից շփոթված առանձին ուժեր”: Արդյոք այն ուժերին, ովքեր այդ ընթացքում քննադատել եւ քննադատում են ներքաղաքական երկխոսությունը Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ:
Իսկ քննադատում են Ժառանգությունը, Դաշնակցությունը, ու մեկ էլ որոշակի երկիմաստ կարծիք է հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ասելով, որ եթե այդ երկխոսությունը երկրի խնդիրներն է լուծելու` լավ, իսկ եթե չէ` ապա դա էլ ավելի է խորացնելու կոռուպցիան եւ սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
Ում նկատի ունի Սարգսյանը “շփոթված առանձին ուժեր” ասելով` Ժառանգությա՞նը, Դաշնակցությանը՞, թե Ռոբերտ Քոչարյանին: Ամենայն հավանականությամբ, խոսքը Քոչարյանի մասին է, կամ նրա ուղեծրում գործող քաղաքական ուժերի:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ինքնին խոսում է ինչ որ ուժերի մասին, այլ դա ասում է երկխոսությունը որպես իր նախաձեռնություն եւ համոզում ներկայացնելու համատեքստում, հերքելով, թե դա ինչ որ ճնշումների արդյունք է: Այսինքն, Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է համակարգին հաղորդել, որ երկխոսությունն ամենեւին էլ իշխանության նեղն ընկած լինելու ապացույց չէ, ամենեւին էլ անկյուն քշված լինելու վկայություն չէ:

Իսկ ինչի պետք է Սերժ Սարգսյանը համոզի այդ հարցում համակարգին: Երեւի այն պատճառով, որ համակարգը կասկածով չլցվի իր հանդեպ: Իսկ ինչ կլինի, եթե համակարգը կասկածի Սերժ Սարգսյանին, կասկածի, որ նա կարող է ապահովել իշխանության անվտանգությունն ու դիրքերի ամրությունը: Այդ կասկածի դեպքում համակարգը կսկսի որոնել նոր “երաշխավոր”: Իսկ այդ դերում լինելու առաջին թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, ով իր պաշտոնը թողնելուց հետո երեք տարիների ընթացքում պարբերաբար հիշեցրել է իր մասին, ցույց տալով, որ միշտ պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերադառնալ իշխանության գլուխ:

Դրա համար թերեւս բավական է, որ համակարգը այդ գործում ընդառաջ գնա Ռոբերտ Քոչարյանին:

Բայց, մյուս կողմից, Սերժ Սարգսյանը թերեւս խնդիր ունի Քոչարյանին էլ մեսիջ հղել ու հանգստացնել: Եվ ասելով, թե երկխոսությունն իր նախաձեռնությունն ու համոզումն է, նա գուցե Քոչարյանին փորձում է ասել, որ պետք չէ անհանգստանալ երկխոսության անկանխատեսելի ընթացքի եւ դրան զոհ գնալու հավանական հեռանկարի կապակցությամբ: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը փորձում է Քոչարյանին էլ հաղորդել, որ տիրապետում է իրավիճակին, եւ կարիք չկա անհանգստանալ անվերահսկելի զարգացումների առումով:

Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանն էլ իր հերթին անհանգստանում է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր “շփոթվածությունից”, գուցե համարելով, որ այդ դեպքում Քոչարյանը կարող է ուղղակի որոշել իր անվտանգությունն այսպես ասած չթողնել Սերժ Սարգսյանի հույսին եւ գործնական քայլեր կատարել իրավիճակը իր ձեռքրը վերցնելու ուղղությամբ, ինչը համակարգի կասկածների հետ զուգորդվելու պարագայում Սերժ Սարգսյանի համար կարող է կարկուտի էֆեկտ ունենալ, բայց արդեն քաղաքականության, ոչ թե գյուղատնտեսության մեջ:

Այդ իսկ պատճառով, փորձելով շունչ տալ անշնչացման եզրին հասած երկխոսությանն ընդդիմության հետ, Սերժ Սարգսյանը միեւնույն ժամանակ նաեւ փորձում է թե համակարգին, թե Ռոբերտ Քոչարյանին ներշնչել վստահություն: Թեեւ գուցե միեւնույն ժամանակ ակնարկելով, որ պարզապես այլ տարբերակ չկա եւ հարկ է հաշտվել այդ իրականության հետ, այլապես “բոլոր մյուս ճանապարհները հղի են լուրջ վտանգներով և անխուսափելի կորուստներով”, ինչպես ասում է Սերժ Սարգսյանը, անկասկած նկատի ունենալով նաեւ այն, որ այլ ճանապարհի դեպքում կորցնող լինելու է նաեւ իշխանական համակարգը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: