Չէ որ այդ ելույթն անկասկած լցված է լինելու եվրոպականությամբ, արդիականությամբ, բարեփոխումների եւ ժողովրդավարության ոգով, հակակոռուպցիոն եւ հովանավորչության դեմ պայքարի տենչով, ազատականության ձգտմամբ: Իսկ ինչ է Գալուստ Սահակյանի որդու նշանակումը պետական գույքի կառավարման պաշտոնին, եթե ոչ եվրոպականության, արդիականության, բարեփոխումների, ժողովրդավարության, կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ պայքարի, ազատականության վառ վկայություն, խորհրդանիշ, մարմնացում:
Հետեւաբար պարզ է, որ Սերժ Սարգսյանի եվրաելույթի նախերգանքը պետք է լիներ հենց այդպիսի մի բան, որ եվրոպացիներն էլ ավելի մեծ ուշադրությամբ եւ հավատով լսեին Սերժ Սարգսյանի բուն ելույթը: Թեեւ, նրանք մեկ էլ տեսար կարող են խառնել ու ասենք չհասկանալ, չկողմնորոշվել` Գալուստի որդուն պետգույքի կառավարման վարչության պետ նշանակե՞լն է Սերժ Սարգսյանի բուն ելույթը, թե այն, ինչ նա ասում է եվրաարժեքների, ժողովրդավարության եւ բարեփոխումների հանդեպ անմնացորդ ու սկզբունքային նվիրվածության մասին:
Ընդ որում, տեղի ունեցածը նաեւ մեկ այլ կարեւոր շտրիխ կարող է լինել Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ ելույթի համատեքսում: Խոսքը ընտանիքի արժեքի մասին է, որի վերաբերյալ քննարկումներն արդիական են նաեւ Եվրոպայում: Սերժ Սարգսյանը Գալուստի որդուն գործադիր մարմնում տեղավորելու համատեքստում կարող է խոսել ընտանեկան արժեքների հանդեպ Հայաստանի իշխանության նվիրվածության, ընտանիքը որպես արդիական եւ ամուր հասարակության հիմնարար բջիջ դիտարկելու հաստատակամության մասին:
Պետք է ենթադրել, որ եվրոպացիները ոչ միայն հուզվելու են, այլ նաեւ ցնցվելու են Սերժ Սարգսյանի ելույթից, այն բանից հետո, երբ այն նախորդվեց գործնական դրսեւորումներով: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ոչ միայն խոսքը գործի է վերածում, այլ նույնիսկ գործը խոսքից էլ առաջ է գցում:
Ի դեպ, արժե հիշել տարիներ առաջվա մի դրվագ, կապված Գալուստ Սահակյանի նույն որդու աշխատանքի տեղավորման հետ: Արման Սահակյանը քաղաքապետի տեղակալն էր, ու հրաժարական տվեց, որ դառնա Աջափնյակի թաղապետ: Բայց չդարձավ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը նախապատվությունը տվեց գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանին: Դե երեւի Քոչարյանը Գալուստին չէր սիրում, կամ դատախազին ի պաշտոնե ավելի էր կարեւոր համարում: Սերժ Սարգսյանն էլ որոշեց չընդդիմանալ, ու հայտարարեց, որ Արման Սահակյանը չպետք է դառնա թաղապետ` «կուսակցությունը հո ոհմակ չէ», հայտարարեց Սերժ Սարգսյանն այն ժամանակ: Ըստ երեւույթին, հիմա ժամանակն է հարցնել` «բա ի՞նչ է»:
ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment