Sunday, June 5, 2011

Ճգնաժամ ԵԱՀԿ-ում. Հայաստանն ու Կիպրոսը` Թուրքիայի, իսկ Անկարան` Ավստրիայի դեմ է վետո կիրառում

Tert.am. 5-6-2011- ԵԱՀԿ անդամ պետությունները չեն կարողանում ընդհանուր համաձայնության գալ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հարցում:
Ինչպես գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, Հայաստանն ու Կիպրոսը հայտարարել են, որ վետո են կիրառելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրված թուրք դիվանագետ Էրսին Էրչինի թեկնածության դեմ: Թուրքիան էլ իր հերթին է հայտարարել, որ կօգտվի վետո կիրառելու իրավունքից և դեմ հանդես կգա ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրված Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկի թեկնածությանը:
Թուրքիայի նման գործելաոճն արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն բացատրել է Ուրսուլա Պլասնիկի` ժամանակին հնչեցրած հակաթուրքական հայտարարություններով:
«Բացառվում է, որ մենք կողմ քվեարկենք մեկի օգտին, ով կասկածի տակ է դնում Թուրքիայի եվրոպական ինքնությունը»,- «Զաման» օրաթերթի հետ զրույցում ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի նման վարքագիծն առաջ է բերել պաշտոնական Վիեննայի դժգոհությունը:
Ավստրիայի ներկայիս արտգործնախարար Միխայել Շպինդելեգերը թեմայի առնչությամբ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Դավութօղլուի հետ և նույնիսկ նախազգուշացրել, որ Վիեննան Անկարայի նման դիրքորոշումն ընկալում է որպես Ավստրիայի դեմ ուղղված քայլ:
«Ձեր վետոն ընկալվում է որպես Ավստրիայի դեմ ուղղված քայլ»,- ասել է Շպինդելեգերը` ավելացնելով, որ դա բացասական ազդեցություն է ունենալու թուրք-ավստրիական հարաբերությունների վրա:
«Թուրքիայի` Ավստրիայի թեկնածուի դեմ վետո կիրառելու մասին հայտարարությունը կողմնակալ է և անարդարացի: Եթե Թուրքիան նման բան անի, դա ստվեր կնետի երկկողմ հարաբերությունների վրա»,- հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարը:
Հակառակ ավստրիական կողմի գործադրած բոլոր դիվանագիտական ջանքերի, Անկարան չի փոխել իր որոշումը և հայտարարում է, թե մինչև վերջ դեմ է հանդես գալու Ուրսուլա Պլասնիկի թեկնածությանը:
Իր հերթին թուրքական կողմը պնդում է, թե Անկարայի կողմից կիրառվելիք վետոն ուղղված է ոչ թե Ավստրիայի, այլ կոնկրետ Ուրսուլա Պլասնիկի դեմ, ով բազմիցս դեմ է հանդես եկել Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը: Անկարան հայտարարել է նաև, որ եթե Ավստրիան նոր թեկնածու առաջադրի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին, չի բացառվում, որ թուրքական կողմն աջակցի նրան:

Ինչպես ավելի վաղ գրել էր թուրքական «Սաբահ» օրաթերթը, ԵԱՀԿ–ում Հայաստանն ու Կիպրոսը հակաթուրքական դաշինք են ստեղծել և պատրաստվում են վետո կիրառել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրված թուրք դիվանագետ Էրսին Էրչինի թեկնածության դեմ։ Թուրքական պարբերականը նշում էր, որ ԵԱՀԿ–ում հայերի և կիպրոսցի հույների նման գործելաոճն ամրապնդում է ԵԱՀԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրված Ավստրիայի նախկին արտգործնախարար Ուրսուլա Պլասնիկի դիրքերը:
«56 անդամ ունեցող այդ կազմակերպությունում Թուրքիային ամենամեծ աջակցությունը ցուցաբերում է Ռուսաստանը։ Բացի այդ, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն նույնպես խոստացել է աջակցել Թուրքիայի՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրած թեկնածուին»,– գրել էր «Սաբահը»:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին «Հաբերթուրք» պարբերականը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է նամակով դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրված թուրք դիվանագետ Էրսին Էրչինի թեկնածության հարցում աջակցություն ստանալու համար։ Սակայն հայկական կողմն Անկարային հստակ հասկացրեց, որ պաշտոնական Երևանը չի աջակցելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի առաջադրած թեկնածուին:
Ներկայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է Մարկ Պերեն դե Բրիշամբոն, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 30-ին։

No comments: