Monday, June 20, 2011

Որևէ կոմյունիկե անգամ բանակցային սեղանին չի դրվել. Մայր Աթոռ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի Վրաստան կատարած այցի ժամանակ բանակցային սեղանին որևէ կոմյունիկե անգամ չի դրվել։ Այս մասին Tert.am–ին ասաց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
Նա նշեց, որ կողմերի միջև կոմյունիկե ստորագրելու մասին լուրերը վրացական լրատվամիջոցների սադրանքն է, որոնք վերցրել են կոմյունիկեի աշխատանքային, դեռևս չմշակված տարբերակը և հրապարակել են, մինչդեռ որևէ կոմյունիկե չի դրվել բանակցությունների սեղանին։
Հարցին, թե ինչու հայկական կողմն արագ չի արձագանքել և ինչու Մայր Աթոռը չի հերքել վրացական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգերի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասաց, որ իրենք չեն ուշացել, այն լրատվամիջոցներին, որոնք հարցում են արել, պատասխանել են։ Բացի այդ, տեր Վահրամ քահանա Մելիքյանն անձամբ ֆեյսբուքի իր էջում անմիջապես այդ տեղեկությունը հերքող հաղորդագրություն է տեղադրել։
Մայր Աթոռի ներկայացուցիչը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Մայր Աթոռը Վրաստանի հետ զիջողական և մեղմ է վարվել։ «Չի կարելի ասել, որ մենք մեղմ ենք։ Մենք հստակ ներկայացրել ենք մեր պահանջները, որ մենք ուզում ենք 6 եկեղեցու կարգավիճակ տրվի, և ամեն ինչ անելու ենք, որ մեր պահանջներն արագ լուծում ստանան»,– ասաց տեր Հովակիմը։

Նա նաև հերքեց այն տեղեկությունները, թե երկու երկրների օրենսդրությունը ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով է ստեղծվելու։ «Նման բան չկա»,– ասաց նա։

No comments: