Monday, June 20, 2011

Պաղեստինյան պատվիրակությունը Հայաստանի աջակցությունն է հայցել Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 20-ին ընդունել է պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար, նախկին ԱԳ նախարար Նաբիլ Շաասին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն է տածում արաբական ժողովուրդների ու պաղեստինյան ժողովրդի նկատմամբ, որոնց հետ մեզ կապում է դարավոր բարեկամությունը եւ այսօր էլ Հայաստանը դինամիկ հարաբերություններ է զարգացնում արաբական երկրների հետ: «Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա, թե ինչպես Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակները ապաստան գտան արաբական երկրներում» – ասել է Էդվարդ Նալբանդյանը:
Անդրադառանալով հայ-պաղեստինյան առնչություններին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի նախագահը՝ որպես պետության ղեկավար առաջիններից էր, որ դեռեւս 2000 թվականին պաշտոնական այց էր կատարել Ռամալահ եւ հանդիպումներ ունեցել Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ:
Հայաստանի ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանն ուշադրությամբ հետեւում է արաբական երկրներում տեղի ունեցող վերջին զարգացումներին, հույս հայտնելով, որ տարածաշրջանում առկա արմատական խնդիրները կլուծվեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ճանապարհով, եւ դրանց արդյունքները կնպաստեն ներազգային համերաշխության եւ կայունության հաստատմանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում մերձավորարեւելյան խնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ հեռանկարներին: «Հայաստանն աշխարհագրական առումով մոտ է մերձավորարեւելյան տարածաշրջանին եւ մեծապես կարեւորում է այնտեղ հարատեւ խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են առկա խնդիրների արդարացի եւ կողմերի համար ընդունելի փոխզիջումային լուծմանը», ընգծել է Նալբանդանը:
Նաբիլ Շաասը ներկայացրել է այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ նախատեսվող քվեարկությանն ընդառաջ տեղի ունեցող գործընթացները, նաեւ շնորհակալություն հայտնել, որ միջազգային կազմակերպություններում մերձավորարեւելյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում Հայաստանը մշտապես հավասարակշռված դիրքորոշման համար: Պաղեստինյան պատվիրակությունը Հայաստանի աջակցությունն է հայցել Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում:

No comments: