Wednesday, July 20, 2011

2012-ԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԵՄ-Ի ՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿԻՐ

Իսկ վարչապետ Էրդողանը սպառնում է սառեցնել հարաբերությունները եվրոպական այս կառույցի հետ

ԱԶԳ», 20-07-2011- Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղեւորվեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն»: Սա վստահության քվե ստանալուց հետո Էրդողանի արտերկիր կատարած առաջին այցն էր, ընդ որումՙ իրականացվում էր թուրքական զորքերի Հյուսիսային Կիպրոս ներխուժման 37-րդ տարելիցին:
Ինչպես հայտնի է, 1974-ի հուլիսի 19-ին թուրքական զորքերը, ներխուժելով Կիպրոս, գրավել էին կղզու տարածքի ավելի քան 36,5 %-ը: Դա համապատասխանում էր հյուսիսային հատվածը Թուրքիային կցելու նպատակով Կիպրոսի մասնատման թուրքական վաղեմի ծրագրին: Այնուամենայնիվ, պետք է ասել, որ այդ ծրագիրը չի արժանանում կիպրացի թուրքերի հավանությանը: Դեռեւս 1974-ին Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացումից հետո շուրջ 40 հազ. կիպրացի թուրքեր հեռացել էին կղզուց, մասնավորապես գաղթելով Անգլիա:
Ընթացիկ տարվա հունվարին թուրքական զորքերի Հյուսիսային Կիպրոսից դուրսբերման, Կիպրոսի միասնականության ու ամբողջականության վերականգնման պահանջով նրանք Թուրքիայի ներկայության դեմ հուժկու ցույցեր կազմակերպեցինՙ դատապարտելով միաժամանակ վերջինին Կիպրոսը սեփական քաղաքացիներով վերաբնակեցնելու համար: Այդ ցույցերը կրկնվեցին նաեւ հաջորդ ամիսներին, բայցՙ ապարդյուն:
Թուրքիան ընդամենը 47-ից 37 հազ. է կրճատել Կիպրոսում տեղակայված զորքերի թվակազմը: Գալով թուրք վերաբնակներին, ապա նրանք ներկայումս հյուսիսային հատվածում կազմում են բնակչության 2/3-ը, այսինքնՙ կիպրացի թուրքերը հայտնվել են փոքրամասնության կարգավիճակում:
Ըստ երեւույթին, Թուրքիան Եվրոմիության հետ անդամակցության բանակցությունների բարերար ազդեցության տակ Կիպրոսի մասնատման ծրագրի մասին չի խոսում, սակայն հիմա էլ կղզու տարածքում երկու իրավահավասար պետության գաղափարն է առաջ քաշում եւ դա համարում է միակողմանի զիջումՙ պայմանավորված Անկարայի բարի կամքով: Ընդ որում, վարելով հանդերձ անդամակցության բանակցություններ, նա համառորեն չի ճանաչում ԵՄ-ի անդամ Կիպրոսի Հանրապետությանը: Թուրքական նավահանգիստներն առ այսօր փակ են հունական նավերի առջեւ:

Կիպրոսի նկատմամբ բարի կամքի թուրքական դրսեւորման առումով հատկանշական են վարչապետ Էրդողանին հյուսիսային հատված ուղեւորվելուց առաջ Ստամբուլի օդանավակայանում արած հայտարարությունները: Ահա թե, ըստ «Դունյա բյուլտեն» կայքէջի, ինչ է ասել Էրդողանը. «Քանի դեռ ես Թուրքիայի վարչապետն եմ, իմ գրքում լավության մասին այլեւս ոչ մի խոսք չի լինելու: Կիպրոսի առումով մենք բավականաչափ լավություն արդեն արել ենք: Հունական կողմին լավությամբ կպատասխանենք միայն այն դեպքում, եթե լավություն տեսնենք: Շատ պարզ եւ հստակ ասում եմՙ այլեւս հողային ոչ մի զիջում: Սրանից հետո բանակցությունների սեղանին նստելու ենք բոլորովին այլ դիրքերից: Նրանք նախ պետք է ընդունեն երկու հատվածներում իրավահավասար կարգավիճակով երկու պետության առկայությունը: Կընդունեն, թե ոչ, դա իրենց խնդիրն է: Սակայն ժամանակն էլ սպառվում է: Հարավային Կիպրոսի հունական վարչակարգը առաջիկա տարում վեց ամսով կստանձնի ԵՄ-ի նախագահությունը: Քանի դեռ Հարավային Կիպրոսը ԵՄ նախագահող երկիրն է, մենք եվրոպական այս կառույցի հետ որեւէ շփում բացարձակապես չենք ունենա: Կսառեցվեն ԵՄ-ի հետ մեր բոլոր հարաբերությունները, եւ վեց ամիս ԵՄ-Թուրքիա շփումները չեն լինի: Հույների հետ շփվելու մասին խոսք լինել չի կարող: Չենք շփվի այն երկրի հետ, որին չենք ճանաչում: Նրանց հետ միեւնույն սեղանին նստելն անգամ անտեղի ենք համարում: Տեսնենքՙ ինչ կանի ՄԱԿ-ը 2012-ին»:
Մինչդեռ Կիպրոսի Հանրապետության ԵՄ-ի նախագահող երկիր դառնալը ոչ թե եվրոպական այս կառույցի անդամների շնորհն է, այլ կանոնադրության պահանջ: Այդ դեպքում նրանք ինչու են հանդուրժում Թուրքիայի ամբարտավանությունը: Դա ունի ընդհանուր եւ մասնավոր պատճառներ նաեւ նախադրյալ այն առումով, որ ԵՄ-ը բանակցություններ սկսելու որոշում է ընդունել այն երկրի հետ, որն ի սկզբանե հրաժարվում էր ճանաչել կառույցի անդամ Կիպրոսի հանրապետությանը:

Ընդհանուր պատճառների մեջ թերեւս պետք է նշել եվրոպական երկրների երկերեսանիությունը, որդեգրած չարանենգ քաղաքականությունն ու ստորությանը հանգեցնող անսկզբունքայնությունը: Ինչ վերաբերում է մասնավոր պատճառներին, ապա դրանց թվում էլ պետք է առանձնացնել Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը: Այլ կերպՙ Մերձավոր եւ Միջին Արեւելքում միանձնյա ռազմական ներկայություն ունեցող ԱՄՆ-ն խիստ խանդոտ վերաբերմունք ունի այլ ներկայության հանդեպ: Ամերիկյան այս վերաբերմունքը տարածաշրջան ներթափանցելու առումով ԵՄ-ի համար չափազանց կարեւորում է Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը: Հետեւաբար, եվրոպական այս կառույցը փոխանակ սկզբունքայնություն դրսեւորելու, իր սկզբունքներին ու կանոնադրությանը հակադրվելու գնով հանդուրժում է ամբարտավանության թուրքական դրսեւորումները: Այլ կերպՙ տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի խանդոտ վերաբերմունքը պայմանավորում է Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքերի կարեւորությունը ԵՄ-ի համար: Եթե Եվրոպան տեղիք տա թուրքերի պահանջներին եւ Կիպրոսին զրկի ԵՄ-ի նախագահությունն ստանձնելու իրավունքից, հավանաբար կխայտառակվի, բայց ԱՄՆ-ի առջեւ, որը նույնքան երկերեսանի է, չարանենգ եւ ստոր, ինչի մասին հայ ժողովուրդը գիտի սեփական փորձություններից, ընդ որումՙ այդ փորձության սկիզբը դեռեւս 1878-ին Բեռլինում է դրվել:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: