Friday, July 1, 2011

Հայաստանը լքել է 250 հազար մարդ

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը Կոնգրեսի հանրահավաքին հայտարարել է, որ այս օրերին բազմաթիվ հանդիպումներ են ունեցել մարզերում, մասնավորապես Սյունիքի մարզում Գորիսում, եւ կարող է ասել, որ բոլոր մարդիկ կողմնակից են եւ պահանջում են իշխանափոխություն, ու հնարավորինս արագ:
Արամ Մանուկյանն ասել է, որ այդ մարդիկ շատ արագ հայտնվելու են հրապարակում, երբ Կոնգրեսը անցնի ակտիվ գործողությունների: Հրապարակի ներկաների թիվը եռապատկվելու է, հավատացնում եմ ձեզ, ասել է Արամ Մանուկյանը: Նա նշել է նաեւ, որ Հայաստանի իշխանությունը դատարկում է երկիրը մարդկանցից:
Պաշտպանության եւ կրթության նախարարությունները, ըստ Արամ Մանուկյանի, հարյուրավոր երիտասարդների, զորակոչային տարիքի, ուղարկում են ռուսական
բուհեր:
Արամ Մանուկյանը նշել է, որ այս տարի արդեն հինգ ամսվա ընթացքում Հայաստանն, ըստ վիճակագրության, լքել է վաթսունհինգ հազար մարդ: Այս տեմպով, Հայաստանում վաղը մարդ չի մնալու, հայտարարել է Արամ Մանուկյանը, նշելով, որ դա իշխանության ծրագիրն է: Ըստ Արամ Մանուկյանի, վերջին երկուսուկես տարվա ընթացքում Հայաստանը լքել է 250 հազար մարդ:
Արդյոք էլի տասնհինգ թիվն է, որ 250 հազար մարդ գլուխներս կախ հեռանանք Հայաստանից, հարցրել է Արամ Մանուկյանն ու հայտարարել, որ ավելի հեշտ է ժողովրդին այս օրը հասցրած երկու հրացանավորը հեռանան Հայաստանից: Հայ ժողովուրդը այսպես ապրելու իրավունք այլեւս չունի, նշել է Արամ Մանուկյանը:

No comments: