Saturday, July 16, 2011

Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններ Մոսկվայում` մերձկասպյան 5 երկրների մասնակցությամբ

Panorama.am. 15-7-2011- Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցայի լրամշակման շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով հուլիսի 19-20-ը Մոսկվայում կհավաքվեն մերձկասպյան 5 երկրների` Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարարները:
Այդ մասին տեղեկացնում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության` Ռուսաստանն ավելի շատ ցանկանում է, որպեսզի բանակցություններն ընթանան Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ պայմանագիր ստորագրելու ուղղությամբ: Մերձկասպյան երկրներն առայժմ միայն ծոցի շրջակա միջավայրի պաշտպանության մասին են պայմանագիր ստորագրել:
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ուսումնասիրությունների «Դևիս» կենտրոնի ամերիկացի փորձագետ Դիմիտրի Պրիմուսը, անդրադառնալով Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ ունեցած մերձկասպյան երկրների տարաձայնություններին, նշել էր. «Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան երկրների տարաձայնությունները թույլ չեն տալիս, որպեսզի այդ տարածաշրջանում էներգետիկ համագործակցություն լինի: Եթե Իրանը քայլեր ձեռնարկի Կասպից ծովի վիճելի տարածքներում հանքավայրերի հետախուզում իրականացնել, ապա հնարավոր է, որ Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական հակամարտություն սկսվի»:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

No comments: