Saturday, July 16, 2011

Հայկական «կեղծված» ընտրություններ Թուրքիայում. զեղծարարների համար պահանջվում է 3000 տարվա ազատազրկում

Tert.am. 15-7-2011- Ամիսներ առաջ Ստամբուլի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամի ղեկավար կազմի ընտրություններին մասնակցած 604 անձանց դեմ դատական գործ է սկսվել «պաշտոնական փաստաթղթեր կեղծելու» մեղադրանքով։ Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթը։
Պարբերականի փոխանցմամբ՝ ընտրություններին լուրջ վիճաբանություն էր տեղի ունեցել հիմնադրամը ղեկավարող 86–ամյա Ափիկ Հայրապետյանի և նրա մրցակցի կողմնակիցների միջև, ինչի արդյունքում ընտրությունները մեկ ամսով հետաձգվել էին։ Իսկ փետրվարին տեղի ունեցած ընտրություններին հերթական հաղթանակն էր տարել 26 տարի շարունակ Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրամը ղեկավարող Ափիկ Հայրապետյանը։
Սակայն Ընտրական խորհրդի նախագահ Արա Ըշըթմանն ընտրական գործընթացի ժամանակ գրանցել էր խախտումներ և ամիսներ անց դիմել դատախազությանը։ Ըշըթմանը պնդում էր, որ ընտրություններին, որին, ըստ ընտրական կարգի, պետք է մասնակցեին միայն Ստամբուլի Բեյօղլու շրջանի հայերը, մասնակցել են 604 անձինք տարբեր շրջաններից և թաղամասերից։ Ընտրական խորհդի նախագահի խոսքով՝ ընտրությունների ժամանակ այդ 604 անձանց հատուկ նպատակով բերել էին Ստամբուլի Սամաթյա, Յեշիլքյոյ և Բաքըրքյոյ շրջաններից։ Իսկ վերջիններս ընտրություններին մասնակցելու համար ներկայացել էին որպես Բեյօղլուի բնակիչներ։
Դատախազության կողմից իրականացված հետաքննության արդյունքում հաստատվել են Ընտրական խորհրդի նախագահ Արա Ըշըթմանի պնդումները։ Ներկա պահին դատական գործ է սկսվել հայկական համայնքի 604 անձանց դեմ։ Sabah–ը գրում է, որ նրանցից յուրաքանչյուրի համար «պաշտոնական փաստաթղթեր կեղծելու» մեղադրանքով պահանջվում է 2-ից 5 տարվա, բոլորին միասին՝ 3020 տարվա ազատազրկում։

No comments: