Wednesday, July 27, 2011

Հայաստանը 5-րդ երկիրն է, որը դառնում է աշխարհի չեմպիոն

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը նվաճեց աշխարհի ուժեղագույնի կոչումը: 10 օր շարունակ Չինաստանի Նինբո քաղաքում աշխարհի ուժեղագույն շախմատիտները վիճարկում էին լավագույնի կոչումը: 10 լավագույն հավաքականների կազմում, բացառությամբ 2-3 շախմատիստների, ընդգրկված էին աշխարհի բոլոր առաջատար շախմատիստները:
Մրցաշարից առաջ հաղթողի հիմնական հավակնորդներ էին համարվում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, ինչպես նաև տանտերերի՝ Չինաստանի մարզիկները: Եվ դա բացատրելի էր, քանի որ այդ հավաքականների շախմատիստների անհատական վարկանիշներն ամենաբարձրն էին: Բացի վերոհիշյալ հավաքականներից, հայ շախմատիստները զիջում էին նաև հունգարացիներից:
Հավակնորդների թվում, թեև հազվադեպ, բայց նշվում էր նաև Հայաստանի ընտրանու անունը՝ չնայած մեր շախմատիստներն իրենց միջին վարկանիշով միայն 6-րդն էին: Մեր հավաքականի անունն էլ հավակնորդների թվում նշվում էր այն պատճառով, որ նախկինում էլ մեր շախմատիստները թիմային մրցումներում միշտ էլ հաջող են հանդես եկել:
Նինբոյում պարտիաների ավարտական փուլում մեր շախմատիստները ապահովում էին հավաքականի համար անհրաժեշտ արդյունքը: Եթե անհրաժեշտ էր թիմի շահերից ելնելով՝ ավարտել պարտիան ոչ-ոքի, այդպես էլ արվում էր, եթե նույնիսկ մեր շախմատիստը լավ դիրք ուներ և հնարավոր էր պայքարել նաև հաղթանակի համար: Իսկ եթե պետք էր հաղթել, դա էլ ուժերի գերագույն լարումով ապահովվում էր: Արդյունքում, Հայաստանի հավաքականը միակն էր, որ ողջ մրցաշարն անցավ առանց պարտության:
Այսպիսով, մեր շախմատիստներն առաջին անգամ նվաճեցին աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը: Այս նշանակալի հաղթանակը մարզիչ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ կռեցին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը , Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը: Մինչ այդ, մեր շախմատիստները աշխարհի թիմային առաջնություններում 3 անգամ դարձել էին բրոնզե մրցանակակիրներ։
Հիշեցնենք, որ շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը օլիմիպադաների եռակի մրցանակակիր է, իսկ 2006-ին և 2008-ին նվաճել է չեմպիոնական կոչումները:
Հայաստանը դարձավ 5-րդ երկիրը, որին հաջողվեց նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնության հաղթողի կոչումը։ Նախկինում նման հաջողության էին հասել միան ԽՍՀՄ-ը, Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն։
Աշխարհի առաջնությունն անցկացվում էր 8-րդ անգամ։


2011թ. ՀԱՅԱՍՏԱՆ (2-րդ՝ Չինաստան, 3-րդ՝ Ուկրաինա)
2009թ. Ռուսաստան (2-րդ՝ ԱՄՆ, 3-րդ՝ Հնդկաստան)
2005թ. Ռուսաստան (2-րդ՝ Չինաստան, 3-րդ՝ ՀԱՅԱՍՏԱՆ)
2001թ. Ուկրաինա (2-րդ՝ Ռուսաստան, 3-րդ՝ ՀԱՅԱՍՏԱՆ)
1997թ. Ռուսաստան (2-րդ՝ ԱՄՆ, 3-րդ՝ ՀԱՅԱՍՏԱՆ)
1993թ. ԱՄՆ (2-րդ՝ Ուկրաինա, 3-րդ՝ Ռուսաստան)
1989թ. ԽՍՀՄ (2-րդ՝ Հարավսլավիա, 3-րդ՝ Անգլիա)
1985թ. ԽՍՀՄ (2-րդ՝ Հունգարիա, 3-րդ՝ Անգլիա)

Armsport.am

No comments: