Friday, July 1, 2011

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՍԱՆՈՎԸ

«ԱԶԳ», 01-07-2011- Պատահակա՞ն էր, որ Կազանի հանդիպումը կազմակերպվել էր Ադրբեջանում նախատեսված «աննախադեպ զորահանդեսից» երկու օր առաջ: Թվում է, համենայն դեպս, որ այդ «մանրուքը» կարելի էր հաշվի առնել: Դա տեղի չունեցավ: Ընդհակառակը, հանդիպման կազմակերպիչները, գուցե ակամա, Իլհամ Ալիեւին հնարավորություն տվեցին, որ Կազանից հետո էլ շարունակի սուր ճոճել: Նրա աշխատակազմի պատասխանատու ներկայացուցիչ Ալի Հասանովն էլ, ահա, գտնում է, որ «առանց կողմնակի միջամտության ադրբեջանական բանակն ընդունակ է երկու շաբաթում «ազատագրել օկուպացված հողերը»: Այս համատեքստում «կողմնակի միջամտության» մասին ասվածը պարզապես աչք է ծակում: Հասանովը նկատի ունի ոչ թե այն, որ ադրբեջանական բանակն ինքնուրույն է «ընդունակ», այլ` որ «եթե հայերին ոչ ոք չօգնի, ապա...»:
Սա էլ, ի դեպ, հարեւան երկրում իշխանությունների կողմից շրջանառության դրված տեսակետ է, թե «Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթել են ոչ թե հայերը, այլ...»: Ադրբեջանն, այսպիսով, փորձում է սեփական ռազմական անհաջողությունները բարդել ինչ-որ ուժի վրա, որ «կռվել է հայերի կողմից»: Թե ի՞նչ հաճույք են ստանում դրանից` իրենց խնդիրն է: Մեզ ավելի շատ հետաքրքրում է այն, որ Ալի Հասանովը գտնում է, որ «այսօր աշխարհում որեւէ հարցի ռազմական ճանապարհով լուծումը հասարակական աջակցություն չի ստանում»: Ասվածը վերաբերում է նաեւ ադրբեջանակա՞ն հասարակությանը: Իհարկե` ոչ: Հասանովը պարզապես փորձում է քողարկել, որ Ադրբեջանը զգուշանում է դիմել արկածախնդրության, քանի որ միջազգային հանրությունն այդ դեպքում նրան չի աջակցի: Ավելին` կդատապարտի:
«Դրա համար էլ Ադրբեջանը մտադիր է պաշտպանել իր միջազգային (՞) եւ պետական իրավունքը, եթե կարելի է այդպես արտահայտվել, միջազգային կազմակերպությունների օգնությամբ եւ խաղաղ ճանապարհով: Բայց անհրաժեշտության դեպքում ադրբեջանական բանակն իրավասու է ազատագրել իր տարածքները, վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ պաշտպանել սուվերեն պետության իրավունքները», կարծում է Ալի Հասանովը:
Բանից պարզվում է` Ադրբեջանը նաեւ «միջազգային իրավունք ունի»: Իսկ աշխարհը կարծում է, թե միջազգային իրավունքն է պետությունների համար գերակա, այլ ոչ թե հակառակը: Այդպես է, իհարկե, բայց ոչ Ադրբեջանի համար: Հակառակ դեպքում արտգործնախարար Մամեդյարովը մադրիդյան առաջարկություններից չէր առանձնացնի միայն մեկը եւ չէր ափսոսա, որ այն էլ «փլուզվել է»:
Ցավալի է, իհարկե, երբ հայկական կողմն ստիպված է գործ ունենալ այս մակարդակի «դիվանագիտության» հետ: Բայց ի՞նչ կարող ենք անել: Ճակատագիրը մեզ այդպիսի հարեւան է «պարգեւել»: Պարտավոր ենք համբերել: Մինչեւ Հասանովն ու նմանները հասկանան, որ բառախաղերն անիմաստ են: Ամենատարբեր երանգավորումներով դրանք հազար անգամ հնչել են: Ի՞նչ օգուտ դրանից: Արեւելյան իմաստությունն է հուշում, որ «հալվա-հալվա ասելով բերան չի քաղցրանում»:
Իսկ երբ Հասանովը խոսում է, իրավիճակին անծանոթ մեկը կարող է տպավորություն ունենալ, թե Ադրբեջանն «արդեն ամեն ինչ նախապատրաստել է, որպեսզի ձեռքը մեկնի հալվային, բայց դեռ հույս ունի, որ այն իրեն կտան»: Ոչ, այդպես չի լինում: Այդպես չի կարող լինել: Ի պատասխան ալիհասանովյան շաղակրատանքների` արցախցին մի դիպուկ խոսք ունի. «Միս ուտող թռչնի կտուցը կեռ է լինում»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: