Friday, July 1, 2011

Ափաթուրայ. Մենք հիասթափված ենք Կազանյան հանդիպման ժամանակ առաջընթացի բացակայությունից

News.am. 30-6-2011- «Մենք բոլորս հիասթափված ենք, որ Կազանում հունիսի 24-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ հնարավոր չեղավ առաջընթացի հասնել ԼՂ գործընթացում»,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը` «Արմինֆո»-ին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին ներգրավված չէ ԼՂ բանակցություններում: «Ընդհանուր գծերով ես կցանկանայի մի քանի դիտարկում անել. Մենք բոլորս հիասթափված ենք, որ Կազանում հունիսի 24-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ հնարավոր չեղավ առաջընթացի հասնել ԼՂ գործընթացում: Կազանի հանդիպումը առաջընթացի հասնելու լավ հնարավորություն էր եւ շատ ցավալի է, որ դա տեղի չունեցավ: Սակայն առաջ շարժվելու միակ ուղին դիվանագիտական ուղին է: ՆԱՏՕ-ի դիրքորոշումը շատ հստակ է. հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ ուժի կիրառումը բոլոր կեղմերի համար ընդամենը ռազմական պոտենցիալի կորուստ է լինելու, ինչպես նաեւ տնտեսական ու քաղաքական կրախ: Ուստի մենք կշարունակենք աջակցել կողմերին, որպեսզի նրանք գնան դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է Ափաթուրայը:
«Մենք կարծում ենք, որ ռազմական լուծման դեպքում երկու կողմերն էլ կպարտվեն եւ առաջին հերթին կպարտվի սովորական քաղաքացին: Բացի այդ, այդ սցենարը հետ կշպրտի երկու երկրներին, որոնք վերջին տարիներին որոշակի զարգացում են ապրել: Ուստի մեզ համար միակ լուծումը դիվանագիտական ուղին է, որը կարող է բերել հավասարակշռված եւ բոլորի համար ընդունելի լուծման»,- ասել է Ափաթուրայը:

No comments: