Friday, July 1, 2011

SOCAR-ը նվաճում է Վրաստանի վառելիքի շուկան

Panorama.am.30-6-2011- «Վրաստանի էներգետիկ շուկայում մենք մեծ տեղ ենք զբաղեցնում, գազային շուկայում մենք գերակա դիրքեր ունենք, քանի որ Վրաստանի գազի ապահովման 80-85 % -ը բաժին է ընկնում Socar Georgia Gas-ին»։ Այս խոսքերը պատկանում են` Socar-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերության) նախագահ Ռովնագ Աբդուլաեվին: Իսկ ըստ էներգետիկ հարցերով վրացի փորձագետ Լիանա Ջերվալիձեի` 2010 թ.-ին բնական գազի 57 % -ը, Аи -93 բենզինի 72 % -ը և դիզելային վառելիքի 62%-ը ներմուծվել է Ադրբեջանից (աղբյուրը` Panorama.am, 14/06/2011):
Իսկապես տարեցտարի մեծանում է Socar-ի ներկայությունը Վրաստանի էներգետիկ շուկայում: Socar-ը Վրաստանի տնտեսությում մեծ ներդրող է, նրան է պատկանում Քուլավերի նավթի տերմինալը Փոթիի մոտ, Սև Ծովի ափին AGRI նախագծի շրջանակներում կառուցում է հեղուկ բնական գազի (LNG) գործարան: Նախատեսվում է կառուցել նաև 5-10 միլիոն տոննա տարողության նավթավերամշակման գործարան և մի քանի նավթապահեստարաններ: Socar-ը մեծ ներդրումներ է անում նաև վրացական տնտեսության այլ ճյուղերում:
Socar Energy Georgia ընկերությունը, որը հանդիսանում է Socar-ի դուստր ձեռնարկությունը, Վրաստանում ներկայացված է Socar Georgia Gas ընկերությունով, որը զբաղվում է շրջաններում գազի բաշխմամբ, SOCAR Georgia Security ընկերությունով, որը զբաղվում է տերմինալների, ավտոլցակայանների և այլ օբյեկտների անվտանգությամբ և Socar Georgia Petroleum ընկերությունով, որը զբաղվում է բենզինի, դիզելի, ավիացիոն վառելիքի և մազութի ներմուծումով, մեծածախ և մանրածախ իրացումով: Այն ամսեկան ներմուծում է 35000 - 40000 տոննա հեղուկ վառելիք, Վրաստանում ունի 73 ավտոլցակայաններ (24 Թբիլիսիում), որոնցից 5-ը ունեն նաև հեղուկ նավթային գազի (LPG) լիցքավորման սարքավորումներ: Socar Georgia Petroleum-ը ավտոլցակայանների թիվը նախատեսում է մինչև տարեվերջ հասցնել 100-ի: Բացի այդ, Socar Energy Georgia -ն Վրաստանի շրջաններում վերահսկում է 31 գազավերաբաշխման ցանցի:
Ունենալով հսկայական ֆինանսական միջոցներ էներգակիրների վաճառքից` Ադրբեջանը հետևողականորեն փորձում է Վրաստանի տարածքում ձեռք բերել ռազմավարական նշանակության օբյեկտներ: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի տնտեսական աճի արագությունը մեծապես կախված է նավթի և գազի արտահանման տեմպերից, իսկ դա հիմնականում իրականանում է Վրաստանի տարածքով: Ադրբեջանի համար Վրաստանը կարևոր հանգույց է, քանի որ տարածաշրջանային քաղաքական և տնտեսական հարաբերություններում առանց Վրաստանի Ադրբեջանի համար շատ դժվար կլինի: Եթե Ադրբեջանի համար Վրաստանի տնտեսական նշանակությունը ավելի փոքր է որպես առևտրական գործընկեր (ըստ առևտ-րաշրջանառության ծավալների), ապա անգնահատելի է որպես տրանզիտային գործընկերոջ: Այդ տեսակետից Socar -ի բազմամիլիոն ներդրումները Վրաստանում, դրանք սոսկ բիզնես նախագծեր չեն, այլ ռազմավարական նշանակության նախագծեր են: Դժվար չէ կանխատեսել, որ Ադրբեջանի տնտեսական ներթափանցումը վրացական տնտեսությունը, հատկապես էներգետիկ սեկտոր անընդհատ շարունակվելու է:
Ադրբեջանի տնտեսական և էներգետիկ ազդեցության մեծացումը (կարելի է ասել նաև էքսպանսիան) Վրաստանում երկու կողմից էլ ներկայացվում է բարեկամական հարաբերությունների ֆոնի վրա: Ըստ վրացիների, այն վտանգ չի ներկայացնում, քանի որ, մեծ ծավալի ֆինանսական ներդրումներ են հոսում վրացական տնտեսություն, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ և հազարավոր աշխատատեղեր: Բացի այդ, այն մտայնություն է տիրում վրա-ցական քաղաքական էլիտայում, որ Ադրբեջանը չի կարող չարաշահել իր գերիշխող դիրքը Վրաստանի վառելիքի շուկայում, քանի որ, ինչ որ առումով, Ադրբեջանը նույնպես կախված է Վրաստանից, այսինքն Վրաստանը ցանկացած պահի կարող է կասեցնել իր տարածքով անցնող ադրբեջանական և կասպյան էներգակիրների տեղափոխումը, եթե Ադրբեջանը փորձի ինչ ինչ հանգամանքների դեպքում օրինակ արհեստական աժեոտաժ ստեղծել կամ կաթվածահար անել բենզինի կամ գազի շուկաները: Սակայն, չպետք է մոռանանք, որ այդ խողովակաշարերը, նախևառաջ արևմտյան կառույցներ են և Վրաստանը այդ քայլի չի գնա:
Այդ տեսակետից, իսկապես Ադրբեջանը առերևույթ կախված է Վրաստանից, սակայն իրականում Վրաստանը ավելի խոցելի է, քան թվում է և դա լավ են հասկանում Բաքվում: Ճիշտ է, որպես հակակշիռ վրացիները փորձում են տարբեր երկրների ֆինանսական աջակցությամբ զարգացնել հիդրոէներգետիկան, սակայն էներգետիկայի կարևոր սեկտորում` վառելիքի շուկայում լուրջ հակակշիռ ադրբեջանցիների դեմ դեռևս չունեն: Արդյունքում, վաղ թե ուշ, Socar-ի կամ նույն է Ադրբեջանի տնտեսական կամ էներգետիկ ազդեցությունը Վրաստանում վերածվելու է քաղաքական ազդեցության իր բոլոր բացասական հետևանքներով:

No comments: