Friday, July 1, 2011

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման դեպքում հաղթողներ չեն լինի. Ջեյմս Ապատուրայ

ՆԱՏՕ–ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հարցազրույց է տվել «Արմինֆո» գործակալությանը։
–Իմ պաշտոնավարման սկզբից ի վեր առաջին այցը Երևան շատ հաջող էր: Կայացավ երկար և բավականին դրական հանդիպում Հայաստանի նախագահի հետ, ում հետ մենք քննարկեցինք մի շարք հարցեր և, առաջին հերթին, մեր համագործակցությունը ՆԱՏՕ գործողություններում: Ես երախտագիտություն հայտնեցի իմ բոլոր զրուցակիցներին այն ավանդի համար, որ Հայաստանը ներդնում է այդ գործողություններում, առաջին հերթին` Աֆղանստանում, բայց նաև Կոսովոյում:
Երևանի հանդիպումներում քննարկվել են ոլորտներ, որոնցում Հայաստանը համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, և որտեղ կարելի է խորացնել համագործակցությունը: Օրինակ, դա վերաբերում է տարերային աղետներին և համալիր արտակարգ իրավիճակներին առնչվող մարտահրավերներին պատասխանելու Հայաստանի հնարավորույթունների զարգացմանը: ՆԱՏՕ-ն աջակցում է իր համար հնարավոր բոլոր ոլորտներում:
Բացի այդ, ինձ համար հետաքրքիր էր նախագահից և արտգործնախարարից տեղեկանալ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող իրավիճակին, մասնավորապես, իրավիճակին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:

–Ղարաբաղյան հարցին մենք կվերադառնանք փոքր-ինչ ավելի ուշ, պատմեք, խնդրեմ, ի՞նչ եք Դուք մտածում երկրի իշխանությունների կողմից ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարմանը նպատակաուղղված ջանքերի մասին: Ինչպե՞ս են իրականացվում բարեփոխումները պաշտպանական ոլորտում:
–Մենք ՆԱՏՕ-ում նոր ենք միայն ավարտել Հայաստանի կողմից Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի կատարման ընթացքի գնահատումը, և մեզ մոտ չափազանց դրական գնահատական է ձևավորվել: Հայաստանի կառավարությունը մի շարք կարևոր քաղաքական միջոցառումներ է ձեռնարկել բարեփոխումներ իրագործելու համար: Մոտ ապագայում մենք կհանդիպենք ՆԱՏՕ խորհրդում նախարարների մակարդակով, և Հայաստանի նախարարները կարող են ընդունել այդ գնահատականները: Մենք նաև անհամբերությամբ սպասում ենք, որ առաջիկա երկու տարում կարող ենք ստույգ պատասխան տալ, թե մենք ինչ ենք անում Հայաստանում:

–Հիպոթետիկ հարց, և, այնուամենայնիվ, արդյո՞ք Դուք կարծում եք, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ինչ-որ փուլում Հայաստանը Դաշինքին անդամակցելու ցանկություն կհայտնի: Եվ այդ դեպքում ինչպե՞ս կլուծվի ՀԱՊԿ հետ շահերի հակասությունը, որի կազմում Հայաստանն ընդգրկված է:
–Վերջին 10 տարվա փորձը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի հետ լավ փոխգործակցությունը չի հակասում Ռուսաստանի հետ Հայաստանի կառուցողական համագործակցությանը: Եվրոպայի տարածքում կան օրինակներ, երբ երկրները համագործակցում են ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Մենք այդ առնչությամբ խնդիր չունենք: Ի դեպ, մենք նաև փորձում ենք ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, և դրանք բավականին լավ են անցնում, մինչև այն աստիճանի, որ մենք քննարկում ենք համագործակցությունը ՀՕՊ համակարգերի հարցում: Ես կարծում եմ, ընդհանուր միտումը լավ հարաբերություններն են եվրոպական գոտու բոլոր անդամների միջև, որը ներառում է նաև Հայաստանը:

–Հստակեցնեմ հարցս. արդյո՞ք Դուք կարծում եք, որ Հայաստանը կարող է միաժամանակ անդամակցել ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ ՀԱՊԿ-ին:
–Այստեղ ընտրությունը Հայաստանինն է, և նա, անշուշտ, կարող է համագործակցել մեզ հետ և լինել մեկ այլ միջազգային կառույցի անդամ: Այստեղ բացարձակապես ոչ մի խնդիր չկա: Իսկ Դաշինքին անդամակցելու ցանկության կամ դրա բացակայության հարցը կարող է լուծել միայն երկրի կառավարությունն ու ժողովուրդը: Ամեն դեպքում, ես կասկածում եմ, թե այդ հարցը լուծվի վաղը: Ներկայում այն ամենն, ինչ մենք անում ենք, աշխատում ենք ամրապնդել մեր գործնական համագործակցությունը:

–Կազանում նախագահների հանդիպումը չդարձավ բեկումնային, իսկ ամերիկացիները, նույնիսկ, հիասթափություն հայտնեցին հանդիպման արդյունքներից: Ի՞նչ եք մտածում Դուք այդ թռիչքների և անկումների, հանդիպմանը նախորդած լավատեսության և դրան հետևած հոռետեսության մասին:
–Մենք բոլորս հիասթափված ենք, որ նախագահների Կազանի հանդիպմանը չհաջողվեց էական առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամատության կարգավորման գործընթացում: Կազանի հանդիպումն էական առաջընթացի հասնելու լավ հնարավորություն էր ընձեռում: Շատ ափսոս, որ դա տեղի չունեցավ:
Միակ առաջընթաց ճանապարհը դիվանագիտական ուղին է: ՆԱՏՕ-ի դիրքորոումը չափազանց հստակ է. հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ ուժի կիրառումը բոլոր կողմերի համար կհանգեցնի ռազմական ներուժի կորստի, ինչպես նաև կրախի` քաղաքական և տնտեսական բաղադրիչների համար: Ուստի Դաշինքը, ներգրավված չլինելով բանակցությունների գործընթացում, այդուհանդերձ, շարունակում է սատարել բոլոր կողմերին, որպեսզի նրանք ընթանան դիվանագիտական գործընթացի ուղով:

–Հանդիպումից անմիջապես հետո զինվորական շքերթում նախագահ Ալիևը պարծեցավ, թե իր երկրի ռազմական բյուջեն հավասար է և անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ հայտարարությանը և սանձազերծված սպառազինությունների մրցավազքին, որն իրենից միանգամայն որոշակի սպառնալիք է ներկայացնում:
–Ես չեմ ցանկանում մեկնաբանել երկու երկրներից որևէ մեկի քաղաքական ղեկավարների հրապարակային հայտարարությունները, սակայն այն, ինչ մեզ իրոք անհրաժեշտ է, լարվածության թուլացումն է ղարաբաղյան հակամարտության գոտում և կենտրոնացումը կշռադատված և փոխընդունելի դիվանագիտական լուծում որոնելու վրա:

–Ալիևը նաև պարբերաբար հայտարարում է, թե Բաքուն պատրաստ է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Արդյո՞ք Դուք հավատում եք նման սցենարի հնարավորությանը:
–ՆԱՏՕ-ն հավատարիմ է այն հայեցակարգին, որի համաձայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման դեպքում հաղթողներ չեն լինի: Մենք հավատում ենք, որ երկու կողմերը կպարտվեն ռազմական լուծման դեպքում, և, առաջին հերթին, կպարտվի շարքային քաղաքացին երկու երկրներում, քանի որ կորուստներ կկրի իր տնտեսական հնարավորությունների իրացման գործում: Բացի այդ, նման սցենարն ի չիք կդարձնի վերջին մի քանի տարիներին ձեռք բերված ողջ գործընթացը: Ուստի դիվանագիտական ուղին միակ ճանապարհն է մեզ համար, որը կարող է հանգեցնել կշռադատված և փոխընդւոնելի լուծման:

–Եթե պատերազմ լինի, ապա գործողությունները, հնարավոր է, տեղափոխվեն ՆԱՏՕ-ի անդամ է Թուրիքայի հետ սհաման, և, հնարավոր է, սպառնան Եվրոպայի անվտանգությանը: Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ դեպքում ՆԱՏՕ-ն ստիպված կլինի ներքաշվել հակամարտության մեջ:
–Ես չէի ցանկանա շահարկումներ կատարել այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ: Կարող եմ միայն ասել, որ հակամարտությունն անվտանգությանն առնչվող լուրջ ռիսկեր կհարուցի ՆԱՏՕ-ի համար: Անշուշտ, այն զգալի ավերածությունների պատճառ կդառնա տարածաշրջանում, որն ապահովում է էներգապաշարների զգալի մասի մատակարարումը Եվրոպա: Բացի այդ, լուրջ խնդիր կդառնա Դաշինքի մյուս կարևոր գործընկերների, այդ թվում, օրինակ, Վրաստանի, սակայն նաև Ռուսաստանի համար: Ուստի հակամարտությունում հաղթողներ չեն լինի, ինչպես անմիջականորեն հակամարտության մեջ ներքաշված կողմերի, այնպես էլ մյուս բոլորի շրջանում:

–Ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում անդամ երկրների քաղաքական որոշումներին, այդուհանդերձ, արդյո՞ք Դաշինքն ունի պահուստային ինչ-որ մեխանիզմներ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման հարցում աջակցության համար:
–ՆԱՏՕ-ն այդ հարցում մանդատ չունի և չի կարող ներգրավվել կողմերի միջև այդ խնդրի լուծմանը և ցանկացած նման երկկողմ բանակցությունների նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների միջև, էլ ուր մնաց` ՆԱՏՕ-ի անդամ երկրի և կարևոր գործընկերոջ միջև: Մենք, բնականաբար, դա թողնում ենք երկու կառավարությունների հայեցողությանը՚: ՆԱՏՕ-ն ակնկալում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման հարցի դրական և փոխընդունելի լուծում:

No comments: