Friday, July 1, 2011

Քրդերը Դիարբեքիրում փաստացի ինքնավարություն են հռչակել. «Զամանի» հոդվածագիր

Tert.am. 1-7-2011- Քրդերը Դիարբեքիրում փաստացի ինքնավարություն են հռչակել։ Այս մասին Euronews–ին տված հարցազրույցում ասել է իշխանամետ համարվող «Զաման» օրաթերթի հոդվածագիր Բեժան Մաթուրը։
Քրդական հարցի վերաբերյալ մի շարք հրապարակումների և գրքի հեղինակ Բեժան Մաթուրը հարցազրույցի ընթացքում խոսել է Թուրքիայում հետընտրական զարգացումների և, մասնավորապես, քուրդ պատգամավորների՝ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշման, քրդական հարցի կարգավորման գործընթացում հնարավոր տեղաշարժերի մասին։
Անդրադառնալով «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության աջակցությունը վայելող քուրդ անկախ պատգամավորների՝ նոր գումարման խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին որոշմանը՝ Բեժան Մաթուրն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում վարչապետ Էրդողանը չի կարողանում լիարժեք վայելել իր հաղթանակի պտուղները։
«Նախընտրական շրջանում սպասելիքներն ու հավակնությունները բոլորովին այլ էին։ Հայտնի չէր նաև, թե ինչպես էր տեղի ունենալու ուժերի վերադասավորությունն ընտրություններից հետո։ Սակայն հունիսի 13-ի առավոտյան պատկերը լիովին պարզ դարձավ. «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը հաղթանակ տարավ։ Բացի այդ, մենք ականատեսը դարձանք «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության գործողությունների կազմակերպվածության։ Ըստ իս՝ ընտրություններում երկու կուսակցություն հաղթեց՝ «Արդարություն և զարգացումը» և «Խաղաղություն և ժողովրդավարությունը»։ Ժողովրդա–հանարպետական կուսակցությունը հիասթափություն ապրեց… Սակայն երդման արարողությունից հետո ստեղծված իրավիճակին նայելիս տեսնում ենք, որ դա ստվերում է «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության հաղթանակը։ Բացի այդ, ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի վարչապետը համտեսի հաղթանակի պտուղները»,– ասել է «Զամանի» հոդվածագիրը՝ ընդգծելով, որ ներկա պահին քուրդ անկախ պատգամավորներն իրենց խմբակցության նիստերն անում են Դիարբեքիրում, ինչը փաստացի վկայությունն է այն բանի, որ նրանք ինքնավարություն են հռչակել։
Ընդգծելով, որ ստեղծված իրավիճակում կարևոր է PKK–ի առաջնորդի դերակատարությունը, Բեժան Մաթուրն ասել է. «Այստեղ շատ կարևոր է Օջալանի գործոնը։ Նա հանդարտության կոչ է անում։ Այժմ ասում է հուլիսի 15 (Անկարային ներկայացված վերջնաժամկետի ամսաթիվը,– Tert.am)։ Իսկ թե այդ ժամանակահատվածը կերկարաձգվի մինչև սեպտեմբերի 15–ը, թե ոչ, կտեսնենք առաջիկայում»։

Ի պատասխան այն հարցին, թե «Հնարավո՞ր է, որ Օջալանը գործընթացի ավարտին ազատ արձակվի», «Զամանի» հոդվածագիրն ասել է. «Նպատակն Օջալանի ազատ արձակումն է։ Սակայն դա կլինի 3, թե 5 տարի հետո, չեմ կարող ասել։ Սակայն վերջնական նպատակը դա է… Ըստ էության, քրդական քաղաքական շարժման ամենագլխավոր խնդիրը դա է»,– ասել է հոդվածագրը։

No comments: