Friday, July 1, 2011

Իշխանությունն ու Կոնգրեսը փակուղում

«Լրագիր» 1-7-2011- Երբ Հայ ազգային կոնգրեսի ընդդիմախոսները վերջին շրջանում Կոնգրեսի մարտավարությունը քննադատելիս ասում էին, որ Կոնգրեսն այլեւս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այն դեպքում, երբ նախկինում դա էր համարում անկեղծ եւ իրական ընդդիմության չափանիշ ու դրանով դատում իր մրցակից ուժերին, Կոնգրեսի ղեկավարությունը պատասխանում էր, որ Կոնգրեսը նախագահի արտահերթ ընտրություն է պահանջում, ինչը ուղղակի չի կարող տեղի ունենալ առանց գործող նախագահի հրաժարականի:
Այսինքն, Կոնգրեսն այդ ընդդիմախոսությանը փաստացի պատասխանում էր, որ եթե ինքը նախագահի արտահերթ ընտրություն է պահանջում, ապա անտրամաբանական է ասել, թե չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարական: Փաստացի, այդ տրամաբանությունը հասկանալի էր եւ թերեւս միանգամայն հիմնավոր պատասխան` իսկապես, եթե ասում ես, որ պետք է նախագահի արտահերթ ընտրություն, ուրեմն ասում ես, որ պետք է գործող նախագահը հեռանա:
“Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, եւ առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, եւ մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը”, հունիսի 30-ի հանրահավաքում հայտարարեց Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Միթե նրա այդ հայտարարությունը չի հաստատում Կոնգրեսին ուղղված քննադատության իրավացիությունը կամ արդարացիությունը: Բանն այն է, որ այդ հայտարարությամբ Տեր-Պետրոսյանն ինքն էլ փաստացի տարբերակում է դնում արտահերթ ընտրություն հասկացության եւ հրաժարականի պահանջի միջեւ: Այլապես դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում կողմնորոշվեք արտահերթ ընտրության հարցում, այլապես ձեր հրաժարականը կպահանջենք: Բայց չէ որ արտահերթ ընտրություն պահանջելով, ինչպես Կոնգրեսն էր պատասխանում քննադատություններին կամ ընդդիմախոսություններին, պահանջում ես նաեւ հրաժարական:
Իսկ եթե այդպես է, այսինքն եթե տարբերություն չկա, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ընդամենը ստեղծում է հայտնի անեկդոտային վիճակը` մի անգամ էլ եմ փորձում դուրս գալ փոսից, եթե չստացվի, գնում եմ տուն: Կոնգրեսը փաստացի ասում է, մի անգամ էլ եմ հրաժարական պահանջում, եթե չստացվի, հրաժարական եմ պահանջելու:
Բայց, հազիվ թե Տեր-Պետրոսյանը չհասկանար, որ իր ելույթի այդ հատվածը հնչում է խիստ անտրամաբանական: Հետեւաբար, կամ դա պարզապես հանրահավաքի մասնակիցների վրա ներգործելու բառային էֆեկտի հաշվարկ է, կամ Սերժ Սարգսյանին ուղղված մեսիջ, որ արտահերթ ընտրության շուրջ ընդդիմության հետ բանակցելը Սերժ Սարգսյանի համար կլինի արտահերթ ընտրությունից խուսափելու հուսալի հնարավորություն:
Թերեւս պարզ է, որ ընդդիմության համար ներկայում խնդիրն արդեն ոչ թե արտահերթ ընտրությունն է, այլ գոնե դրա շուրջ ինչ որ բանակցային գործընթաց սկսելը, որպեսզի գոնե հերթական ընտրությանը հասարակությանը հնարավոր լինի հայտարարել, թերեւս, որ` “ճիշտ է, արտահերթի չհասանք, բայց գոնե հասանք նրան, որ իշխանությունը նստեց դրա վերաբերյալ բանակցելու, պարզապես ժամանակը քիչ էր մնացել ու հասավ հերթականի ժամանակը, այլապես մի քիչ էլ, ու բանակցությունը մեր հաղթանակով էր ավարտվելու”:
Հավանականությունը մեծ է, որ Սերժ Սարգսյանն այդուհանդերձ կգնա բանակցության ինչ որ ձեւաչափի: Ու թերեւս դրանով է պայմանավորված Տեր-Պետրոսյանի հավաստիացումը, որ իշխանությունը վաղ թե ուշ նստելու է բանակցության սեղանի շուրջ: Ինչ խոսք, որ նա այլ բան հազիվ թե ասեր, քանի որ ուղղակի անտրամաբանական կլիներ ժամանակ տալ իշխանությանն այն դեպքում, երբ չես հավատում, որ իշխանությունը խոսելու է քեզ հետ: Ժանրի կանոնն էր պահանջում, որ Տեր-Պետրոսյանը հավաստիացնի հանրությանը, որ իշխանությունը վաղ թե ուշ նստելու է բանակցության:
Բայց, այստեղ ժանրը նաեւ կարծես թե մեկ այլ կանոն էլ ունի, երբ Տեր-Պետրոսյանը համոզված ինչ որ բան է ասում, իսկ Սերժ Սարգսյանը մի փոքր ուշացումով, բայց ընդառաջ է գնում կամ կատարում է այդ բանը: Օրինակ, քաղբանտարկյալների մասով էլ Տեր-Պետրոսյանը վստահ հայտարարություններ էր անում` սկսած մարտի 1-ից, երբ նա Սարգսյանին 15 օր ժամանակ տվեց դա անելու համար, բայց սպասեց երեք ամիս: Եթե ուշադրություն դարձնենք, Տեր-Պետրոսյանը հիմա էլ նախանշում է եռամսյա ժամկետ` նա դեռ մայիսի 31-ից է առաջարկել բանակցային ֆորմատը, ու հիմա վերջնաժամկետ է տալիս սեպտեմբերը: Այսինքն, կրկին երեք ամիս: Ըստ ամենայնի հերթական եռամսյակը կավարտվի նրանով, որ բանակցությունը կսկսի:
Պարզապես Հայաստանում իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ հայտնվել են փոխադարձ փաուղային վիճակում եւ ժամանակ ձգելու լավագույն տարբերակն իսկապես բանակցությունն է, ու եթե Տեր-Պետրոսյանը դա շուտ է հասկանում եւ այդքան էլ մեծ խնդիր չունի այդ բանը բացատրել կամ պարտադրել իր շրջապատին` հսկայական խարիզմայի շնորհիվ, ապա Սերժ Սարգսյանի համար ըստ ամենայնի նույն բանն անելուն պահանջվում է տեւական ժամանակ, թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Օբյեկտիվը թերեւս այն է, որ Սարգսյանն ու նրա շրջապատը գուցե փոքր ինչ ավելի դժվարությամբ են պատկերացնում իրավիճակի փակուղայնությունը, իսկ սուբյեկտիվը թերեւս այն, որ Սերժ Սարգսյանը պարզապես չի ցանկանում անմիջապես, արագ արձագանքել Տեր-Պետրոսյանին, համարելով, որ դա վայել չէ իշխանությանն ու իրեն ճիշտ չեն հասկանա:
Խնդիրը այս ամբողջում կարծես թե այն է, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը, կարծես թե դադարել են լրջորեն մտածել, թե արդյոք այս ամենը ճիշտ կհասկանա հասարակությունը: Կամ, հասարակությունն այդ ամենն ինչպես էլ որ հասկանա, ճիշտ է: Եվ կարծես թե երկուստեք դադարել են մտածել, թե ինչպես կհասկանա այդ ամենը հասարակությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: