Tuesday, July 26, 2011

.Կաթողիկոս կա, կաթողիկոս էլ…

1968թ. նոյեմբերին իր առաջին հովվապետական այցով Կալիֆորնիայում էր գտնվում Վազգեն Ա վեհափառը: Նույն օրերին Կալիֆորնիայի հիվանդանոցների մեկի մահճին գամված մահանում էր ութսունամյա Միսաք Թորլաքյանը: Նվիրյալ անձ, ով 1921թ. հուլիսի 18-ին Պոլսի մարդաշատ փողոցներից մեկում ի կատար էր ածել Բաքվի հայոց ջարդարար Բայբուդ խան Ջիվանշիրի մահապատժի որոշումը: Անխափան գործել էր դարերով փորձված միակ ճիշտ սկզբունքը` ջարդարար հանցագործը կյանքով պիտի հատուցի արածների համար: Ականատեսների վկայությամբ Վազգեն Ա վեհափառն այցելում է Միսաք Թորլաքյանին և «իր աջը անոր ճակատին դնելով օրհնություն շնորհում»:
Այսօր թերևս սովորական թվացող այս արարքը հասկանալու համար պետք է այն դիտարկել ժամանակի մեջ` Միսաք Թորլաքյանը դաշնակցական էր, այսինքն այն ժամանակվա ըմբռնմամբ «ժողովրդի թշնամի»: Ավելին, նա «տեռորիստ» էր: Ավելին, նա «անամոթաբար» սպանել էր «եղբայրական Ադրբեջանի» առաջնորդներից մեկին: Վազգեն Ա վեհափառը Նեմեսիսի հերոսներից մեկին այցելելու համար թույտվություն չհայցեց որևէ մեկից, թեև լավ էր հասկանում, որ դրա համար երկար տարիներ կարող էր դառնալ «невыездной»(անարտագնա)` այսինքն կալանավոր մեկ երկրի սահմանների մեջ և, թերևս, դարձավ: Սակայն Վեհափառը լավ էր հասկանում նաև, որ ազգի գոյության համար վեհ բաներ են անհրաժեշտ և Վեհափառն առաջինը պիտի լինի վեհ բաների դրոշակակիրների շարքում:
Լույս իջնի գերեզմանիդ Վազգեն վեհափառ:
Գլուխդ բարձրացրու` տես ինչ է կատարվում:
Արա Պապյան
22 հուլիսի 2011թ
Բուենոս Այրես

No comments: