Tuesday, July 26, 2011

Ալի Խամենեիի ստեղծած կառույցը կվերացնի իշխանության երեք թևերի միջև առկա տարաձայնությունները

Panorama.am. 26-7-2011- Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով ստեղծվել է իշխանության երեք թևերի`գործադիր, դատական և օրենսդիր իշխանությունների, հարաբերությունները կարգավորող և տարաձայնությունները հարթող գերագույն հանձնաժողով:
Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության` գերագույն հանձնաժողովի նախագահ է նշանակվել Մահմուդ Հաշեմի Շահռուդին: Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից և գործունեության ժամկետը 5 տարի է:
Նշենք, որ վերջին շրջանում մի քանի նախարարների նշանակման հարցում, ինչպես նաև ներքաղաքական որոշակի հարցերի առնչությամբ տարաձայնություններ էին առաջացել ԻԻՀ նախագահի և Մեջլիսի միջև, որին բազմիցս արձագանքել է նաև հոգևոր առաջնորդը և կոչ արել վերջ դնել առկա տարաձայնություններին:
Ինչ վերաբերվում է դատական իշխանությունների հետ ունեցած նախագահի տարաձայնություններին, ապա Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրանի նախագահ Մ. Ահմադինեժադը, վերջերս, անդրադառնալով վերջին շրջանում կառավարության որոշ անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության հարցին` նշել էր. «Այդ ձերբակալությունների հետ կապված որոշ խնդիրներ և սխալներ կան, և ես այդ մասին տեղեկացրել եմ դատական իշխանություններին: Մինչ այդ եղած գործընթացների վերաբերյալ ես լռություն եմ պահպանել, սակայն, եթե ցանկանան իմ գործընկերներին մեղադրել, ապա ես օրինական, ազգային և բարոյական պարտականություններ ունեմ, որպեսզի նրանց պաշտպանեմ»:

No comments: