Sunday, July 3, 2011

Կստեղծվի «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջ

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կստեղծվի «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջ: Ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների կապերի բաժնի պետ Լուսինե Ստեփանյանը, վիրտուալ թանգարանի ստեղծման նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, ներկան ու զարգացման հեռանկարները:
Ըստ Լ. Ստեփանյանի, այն ուղղված է լինելու համայն հայությանը: Վիրտուալ թանգարանը նաև հնարավորություն կտա` ոչ միայն Սփյուռքի մեր հայրենակիցները ճանաչեն իրենց հայրենիքը, այլև միմյանց մասին ավելի լավ տեղեկանան հենց Սփյուռքի ներկայացուցիչները: «Այսինքն` այն ուղղված է Սփյուռք-Սփյուռք, Սփյուռք-Հայրենիք կապերի ամրապնդմանը»,-ընդգծեց նախարարության ներկայացուցիչը:
Լ.Ստեփանյանի խոսքերով, «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» ծրագրի հիմնական խնդիրներն են` արմատավորել երիտասարդ սերունդների շրջանում հայ ազգային ինքնության արժեքները, նպաստել հայապահպանությանը, ձևավորել և արմատավորել հայ երիտասարդների շրջանում հայ ազգին պատկանելությամբ հպարտանալու գիտակցությունը, ներկայացնել սփյուռքյան կառույցների ազգապահպան գործունեությունը: «Ուծացումը հիմնականում երիտասարդության շրջանում է տեղի ունենում, ուստի կայքի թիրախում պետք է լինեն հենց երիտասարդները: Նրանք ավելի շատ են օգտագործում համացանցը և կարծում ենք` կայքի միջոցով ներկայացնելով մեր հոգևոր արժեքները, պատմամշակութային արժեքները` կփորձենք երիտասարդությանը կապել ազգային արմատների հետ»,- ասաց Լ.Ստեփանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կայքէջի նախագիծն արդեն պատրաստ է, և այն հանձնվել է «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ կայքէջի նախնական տարբերակը պատրաստ կլինի: Կայքում կտեղադրվեն Սփյուռքի հայ համայնքների, համահայկական կազմակերպությունների ու հոգևոր կառույցների, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ջավախքի, Հայոց Ցեղասպանության, Հայ դատի, հայազգի և հայամետ հայտնի անհատների վերաբերյալ տեքստային նյութեր, ձայնադարան, հայկական անձնանունների և ազգանունների բառարան և այլն: Կներկայացվեն նաև հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունն ու նվաճումները, ինչպես նաև մեծանուն հայորդիների ներդրումները համաշխարհային քաղաքակրթության մեջ:

No comments: