Sunday, July 3, 2011

Լ.Շիրինյան.Կնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության քննարկումներին պետք է ցուցաբերենք պոզիտիվ անտարբերություն

Panorama.am. 2-7-2011- Կնեսեթի կողմից Հայոց Ցեղասպանության քննարկումներին մենք պետք է ցուցաբերենք պոզիտիվ անտարբերություն»,- այսօր Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի հետաձգումը և դրա հնարավոր զարգացումները թեմայով քննարկման ժամանակ, հայտարարեց քաղաքական գիտությունների դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը:
Նրա կարծիքով, եթե Իսրայելը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, ապա կզրկվի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու լծակից, ինչպես հիմա դա մենք տեսնում ենք Ֆրանսիայի պարագայում, երբ Ֆրանսիայի Սենատը չընդունեց Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը:
Լ.Շիրինյանը ասաց, որ «այսօր Թուրքիան իսլամի շղարշի տակ մերձենում է արաբական աշխարհի հետ»,ինչը զայրացնում է Իսրայելին և հավելեց, որ Իսրայելը՝ Կնեսեթում Հայոց Ցեղասպանության հարցը բարձրացնելով, «Թուրքիային պարտադրում է մնալ դաշնակից»:
Նա նշեց, որ Հայոց Ցեղասպանությունը բարոյական հարց է և Իսրայելը պարտավոր է իր բարոյական գնահատականը տալ: Սակայն, միևնույն ժամանակ հավելեց, որ Իսրայելի քաղաքական էլիտան պատրաստ չէ ընդունել Հայոց Ցեղասպանությունը, քանի որ նրանք «հոլոքոստը համարում են բացառիկ երևույթ»:
Քաղաքագետի կարծիքով, մենք կարող ենք համարել, որ Իսրայելը մեզ հետ ազնիվ է միայն այն ժամանակ, երբ կփոխվի նրա վերաբերմունքը ԼՂ հիմնահարցի նկատմամբ և կդադարեցնի Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությանը:
Ասուլիսին ներկա ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը իր հերթին ասաց, որ այսօր Թուրքիան հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Պաղեստինի անկախությունը, և շահարկելով այդ հարցը փորձում է մտնել արաբական աշխարհ, ինչն էլ փորձում է կանխել Իսրայելը՝ բարձրացնելով օրինակ՝ Հայոց Ցեղասպանության հարցը:
Նա կարծիք հայտնեց, որ այսօր մենք պետք է բարձրացնենք պահանջատիրության խնդիրները, որոնք պետք է հստակ ձևակերպված լինեն միջազգային իրավունքի տեսանկյունից:

No comments: