Thursday, July 28, 2011

.Մադրիդյան սկզբունքները կհանձնվեն արխիվ

«Մադրիդյան սկզբունքները շուտով կհանձնվեն արխիվ»,- կարծում է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Ղարաբաղյան խնդրով եւ հասարակական շրջանակում լուծումներ առաջարկել:
Նա այս եզրակացությանն է եկել այն բանից հետո, երբ Ադրբեջանի արտգործնախարարը հայկական կողմին առաջարկել է բազային Մադրիդյան սկզբունքները մի կողմ թողնել ու սկսել աշխատանքը Մեծ պայմանագրի մշակման վրա:
«Ինչո՞ւ, որովհետեւ ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չի համաձայնի ընդունել, որ պետք է լինի հանրաքվե, որը կկանխորոշի ԼՂՀ կարգավիճակը, ուստի իրենք մի 3-5 տարվա ժամանակ են մեզնից խնդրում, որպեսզի մենք սկսենք աշխատել Մեծ պայմանագրի շուրջ: Սա ձեւ է` եւս 3-5 տարի ստատուս քվոն պահպանելու, որովհետեւ իրենք այն այսօր խախտելու հնարավորություն չեն տեսնում»,-նկատում է Արամ Սարգսյանը:
Եթե հայկական կողմը համաձայնի այս առաջարկին, իսկ դա ճիշտ է համարում Արամ Սարգսյանը, անհրաժեշտ է ձեւավորել նոր հայեցակարգ, որն իր մեջ կպարունակի մեզ հուզող բոլոր խնդիրները:

«Դա կնշանակի, որ աշխատանքը սկսելուն պես բանակցային կողմ պետք է դառնա ԼՂՀ իշխանությունը, եթե անգամ ոչ պաշտոնապես, ապա դե ֆակտո ԼՂՀ ԱԳ ներկայացուցիչները պետք է լինեն աշխատանքային խմբերում:
«Եթե հայկական կողմը պնդի, որ Մադրիդյան սկզբունքները պետք է ստորագրվեն, հետո միայն սկսեն աշխատել Մեծ պայմանագրի վրա, ապա ադրբեջանական կողմը սրան չի համաձայնի»,-կարծում է Արամ Սարգսյանն ու ավելացնում, որ նախկինում երբեք Ադրբեջանը նման հայտարարություն չէր արել, ավելին, նրանք անընդհատ սպառնում էին պատերազմով հողերը վերադարձնելով:
Արամ Սարգսյանը վստահ է, որ հայկական կողմը ճիշտ կանի, եթե համաձայնի քննարկել Մեծ պայմանագրի վրա աշխատելու առաջարկը. «Եթե սկսում են աշխատել Մեծ պայմանագրի վրա, ապա գլխավոր հարցը կրկին դառնում է Ղարաբաղի կարգավիճակը, առանց որի համաձայնության գալու որեւէ այլ լուծում անհնար է: Բացի այդ, եթե սկսում են աշխատել Մեծ պայմանագրի վրա, ապա պետք է պատրաստել ժողովրդին խաղաղության»:
«Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական ֆորումը տարին 1 անգամ Ռոդոս կղզում 600-700 տարբեր բնագավառների մասնագետների հետ միջազգային խաղաղության շուրջ աշխատանքներ է տանում: Լինելով միջազգային կոորդինացիոն խորհրդի անդամ Արամ Սարգսյանը առաջարկել է ստեղծել հարթակ հայերի ու ադրբեջանցների համար, որոնք կխոսեն ոչ թե այս կամ այն սկզբունքից, այլ այն մասին, թե ինչպես երկու ժողովուրդներին համերաշխության բերել, որտեղ է այն ճանապարհը, որ իրականում կբերի խաղաղության:
Ի դեպ, Արամ Սարգսյանը չի կարծում, որ Ղարաբաղի խնդիրը կարող է այս անգամ եւս հիմք հանդիսանալ իշխանության հրաժարականի կամ փոփոխության համար:
«Այսօր իշխանությունը չի պատրաստվում զիջել, վերադարձնել հողերը, այդպիսի տենդենց չկա, եթե լիներ, մենք առաջին շարքերում կլինեինք, որ դեմ դուրս կգար իշխանություններին բոլոր հարցերում: Այսօր էլ ընդդիմություն ենք, բայց ոչ Ղարաբաղի հարցում»,-ասաց նա:
Նկատենք, որ Արամ Սարգսյանին խիստ մտահոգում է այսօրվա ներքաղաքական իրավիճակը, որտեղ տպավորություն է ստեղծվում, թե ՀԱԿ-ն ու կոալիցիան կիսել են քաղաքական դաշտը եւ դրանցից բացի, այլ ուժ գոյություն չունի:
Նա պատրաստվում է նախաձեռնել հանդիպում բոլոր այն ուժերի հետ, որոնք ինչ-որ չափով քաղաքական կշիռ ունեն այսօր. «Հավաքվենք, քննարկենք, հասկանանք, թե ինչ է կատարվում. թողած ամենակարեւոր` սոցիալ տնտեսական հարցերը, մտածում են, թե երբ անեն ընտրությունները»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը:

a1plus.am.

No comments: